Ինչպես է Մերկելը ծափահարում Բունդեսթագի նախագահի կողմից Էրդողանի հասցեին հնչող կոշտ քննադատություններից հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծափահարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի ելույթից հետո, ով այսօր կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Տեսագրությունը YouTube-ում հրապարակել է Phoenix հեռուստաալիքը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի՝ ծագումով թուրք այն պատգամավորները, որոնք քվեարկել էին 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկածներ է հարուցում: «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկել»,- հայտարարել էր Էրդողանը:
«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ … հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Բունդեսթագի պատգամավորների՝ իր հասցեին քննադատությունը բացատրում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածներով, «փչացած» է անվանում նրանց արյունը, անհնար էի համարում»,- ասել է Լամերտը՝ դահլիճում բուռն ծափահարություններ առաջացնելով:
Լամերտի խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննարկումների և քննադատության, բայց «յուրաքանչյուրը, ով փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակվում է ողջ խորհրդարանի վրա»: Նա ավելացրել է, որ Բունդեսթագը «համապատասխան կերպով կարձագանքի դրան» այն գործիքների օգնությամբ, որոնց տիրապետում է օրենքի համաձայն:
«Ես ընդգծում եմ մեր ակնհայտ համերաշխությունը բոլոր գործընկերների հետ, որոնք, կապված իրենց քաղաքական գործունեության հետ, ենթարկվել են սպառնալիքների կամ ճնշումների»,- ասել է Բունդեսթագի ղեկավարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի պատգամավորները ստանում են սպառնալիքներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ:
Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»: