Բաժիններ՝

«Միջազգային մակարդակի գիտությունը պետք է խթանվի մեզ մոտ». Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նստած շվեյցարական Ֆրիբուրգի համալսարանում և առիթավորված բոլոր հայտնի գրադարաններ առցանց մուտքով՝ Արցախի մասին անգլերեն հոդվածներ ու գրքեր եմ ներբեռնում: Եվս մեկ անգամ համոզվեցի, թե՝

Ա. Որքան քիչ են հայ հեղինակները տպագրվում միջազգային առաջատար հանդեսներում,

Բ. Հետևաբար, որքան քիչ են հայ հեղինակների հրապարակումներն Արցախի մասին,

Գ. Որքան մեծ ուշադրություն են դարձնում ադրբեջանցիները գիտական հրապարակումներով նույնպես իրենց դիրքորոշումները տարածելու վրա,

Դ. Որքան քիչ ուշադրություն են դարձնում միջազգային հետազոտողները Արցախի վրա:

Հետևություններ՝

1. Ավելացնել ՀՀ-ում, ԱՀ-ում և սփյուռքում պետական և բարեգործական աղբյուրներից տրվող գումարները գիտության համար՝ դրանք բաշխելով առավելապես դրամաշնորհային մեթոդով,

2. Խթանել առաջնահերթ թեմաների ուսումնասիրությունները և դրանց հրապարակումը առաջատար հանդեսներում: Թեմաների մեջ, իմ կարծիքով, կիրառական գիտություններն ամենակարևորն են, սակայն Արցախը ևս իր տեղն ունի, ընդ որում՝ շատ ասպեկտներով՝ պատմություն, հակամարտություն, պետականաշինություն, քաղաքական համակարգ, երկրաբանություն և այլն,

3. Խթանել նաև միջազգային հետազոտողների ուսումնասիրություններն ու հրապարակումները հատկապես մեզ համար տեղեկատվական կարևորություն ունեցող թեմաների շուրջ (օր.՝ ղարաբաղյան հակամարտություն, ցեղասպանություն),

4. Համալսարաններում և արտահամալսարանական ոչ ֆորմալ հարթակներում հետազոտողներին ներկայացնել միջազգային հանդեսներում տպագրվելու պայմանները, ուղիներն ու նրբությունները, որոնց չիմացությունը լուրջ խոչընդոտ է հրապարակման ճանապարհին,

5. Անձամբ ես առաջիկայում պետք է ժամանակ տրամադրեմ թե՛ իմ գիտելիքներն ու փորձառությունն այլոց փոխանցելուն և թե՛ որոշ հոդվածներ գրելու և հրապարակելուն:

Հ.Գ. Նշյալ կետերի կյանքի կոչման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել որոշ նվիրյալների կողմից, ում հատուկ շնորհակալություններս, սակայն, կարծում եմ, այդ առումով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս