«Մենք չենք ծանրանում անցյալի վրա, մենք տեր ենք ներկային և տեր ենք շարունակությանը»
2015 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությանն ՕԵԿ խմբակցությունը դեմ կքվեարկի: Այսօր ԱԺ նիստում փաստաթղթի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա` չի երևում, որ բյուջեն նպաստել է խնդիրների լուծմանը:
«Կառավարությունը չի կարողացել լուծել երկրում վխտացող սոցիալ-տնտեսական խնդիրները»,- ասաց Հ.Բիշարյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ 2015-ի բյուջեի ընդունման ժամանակ իրենք դեմ էին քվեարկել, և այն ժամանակ առկա խնդիրներն այսօր էլ պահպանվում են: Ա.Ռուստամյանը մատնանշեց կոռուպցիոն իրավիճակը և դրա դեմ իրական, վստահելի պայքարի անարդյունավետ լինելը և մենաշնորհները տնտեսության մեջ: Նրա խոսքով` դեռևս չի լուծվել գլխավոր խնդիրը` գնողունակ պահանջարկ ձևավորելը:
Ա.Ռուստամյանը հայտարարեց, որ քանի որ դեմ են քվեարկել բյուջեի ընդունմանը, հաշվետվությանը չեն կարող կողմ քվեարկել, և ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հիշեցրեց մեկ տարի առաջ իրենց քննադատությունն ու իշխանության հակադարձումները, խոսեց տնտեսության անկման, ներդրումների նվազման մասին, որ միակ կայուն աճող ցուցանիշն արտագաղթն է: Ըստ նրա` իշխանությունների միակ ծրագիրն անծրագիր պարտքերի փոխառությունն է, որ չի ուղղվում ենթակառուցվածքների զարգացմանը, այլ «բազեաբուծական» ծախսեր են կատարվում, վերանորոգվում են կառավարական շինությունները: Նա շեշտեց, որ այս մեթոդներով այլևս կառավարել չի կարելի, Հայաստանը ճգնաժամի մեջ է, և անհրաժեշտ է հակաճգնաժամային ծրագիր: Զուրաբյանը չկարողացավ ավարտել իր ելույթը` ժամանակի սպառվելու պատճառով, իսկ ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մերժեց նրան մի րոպե ժամանակ նվիրել, որպեսզի Զուրաբյանն ավարտի իր առաջարկի ներկայացումը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հրաժարվեց ընթերցել-ավարտել Զուրաբյանի ելույթը: ԲՀԿ խմբակցության անունից Մելքումյանը հայտարարեց, որ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները մի տեսակ օտարվել են ռեֆորմներ անելուց, և առաջնությունն անցել է ԿԲ-ին: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի, որովհետև բյուջեն դիտարկվել է՝ միայն որպես ֆինանսական փաստաթուղթ, ոչ թե՝ քաղաքական նպատակների իրականացման փաստաթուղթ, իսկ ցուցանիշները 2015 թ. միայն վատացել են:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ընդիմությանը ձեռք չի տալիս միասնական համախմբվածությունը, միայն քննադատություն է արվում, որ նախընտրական քարոզարշավ է. «Մենք չենք ծանրանում անցյալի վրա, մենք տեր ենք ներկային և տեր ենք շարունակությանը»: