
«Փորձում էին դրսում ինչ-որ բան գրել և դրանով պայքարել բյուջեի համար». Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե քաղաքական մեծամասնությունից միայն Խոսրով Հարությունյանն է գրանցվել ելույթի համար, ինչը ոչ թե ՀՀԿ-ականների պասիվության վկայությունն է, այլ նրա, որ ՀՀԿ-ականները նախապես էին իրենց հարցերը սպառել:
«Զեկուցողը կարողանում էր ժամանակին պատասխանել, բնականաբար, որովհետև մեզանից ոչ բոլորն էին ֆինանսիստներ, փորձում էին դրսում ինչ-որ բան գրել և դրանով պայքարել բյուջեի համար: Սա ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ ուզում եմ ասել, որ մենք պիտի քաղաքական լուծում տանք»,- ասաց Գ.Սահակյանը:
Ըստ նրա` բյուջեի կատարողականի հաշվետվությունը ցույց տվեց, որ հաջողությամբ դիմագրավել են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ապահովել բավարար երաշխիքներ խնդիրները լուծելու համար. «Հավատացնում եմ, որ իշխանություններն ունեն բավական քաղաքական կամք խնդիրները լուծելու համար»: