«Ուղղակի իրենք լավ չեն ուսումնասիրել Նժդեհի պատմությունը և սխալ ինֆորմացիա են տարածում». Վահրամ Բաղդասարյանը` Նժդեհի դեմ Ռուսաստանից հնչող կարծիքների մասին

«Դրանք մասնավոր խոսակցություններ են: Ինչպես իրենք կարող են Կոլչակին հերոսացնել, ընդհանուր առմամբ, այդ մասին խոսակցություններ կարող են լինել: Ուղղակի իրենք լավ չեն ուսումնասիրել Նժդեհի պատմությունը և սխալ ինֆորմացիա են տարածում որոշ անհատներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Ռուսաստանից հնչող պահանջները` Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու մասին:

Նա նշեց, որ իրենք խորհուրդ են տվել ավելի լավ ուսումնասիրել Նժդեհի կենսագրությունը. «Այդ ժամանակ իրենց կարծիքը կփոխվի, և ելույթներն այլ կլինեն»:

Վ.Բաղդասարյանը չցանկացավ խոսել, թե արդյոք ուղղորդվա՞ծ են հականժդեհյան հայտարարությունները. «Ենթադրություն չանենք, նորից եմ կրկնում, դրանք մասնավոր կարծիքներ են»: Հիշեցնենք, որ ռուս պատմաբաններն ու քաղաքական մեկնաբանները անհասկանալի ու անընդունելի են որակել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը և պահանջել են ապամոնտաժել այն, քանի որ արձանը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին»։ «Նժդեհը ֆաշիզմի տարիներին ստեղծել էր «Հայկական լեգեոնը»՝ Վերմախտի կազմում, որը հետագայում՝ 1944թ.-ին, անցել էր SS զորքերի կազմ, որոնք «Նյուրնբերգյան տրիբունալի կողմից վճռվել են՝ որպես արգելված և հանցավոր ռազմական կազմակերպություններ, հետևաբար նաև՝ բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել այդ կառույցների հետ, համարվում են ռազմական հանցագործներ, որոնք գտնվում են օրենքից դուրս` անժամկետ ռեժիմով»:

Ռուս փորձագետներից Օլեգ Կուզնեցովն անգամ արձանի կանգնեցման մեջ ոչ միայն՝ ներքին, այլ նաև՝ արտաքին շերտ էր տեսել, որ, իբր, երևում է, որ Քոչարյան-Սարգսյանի ղարաբաղյան կլանը պատրաստ է գնալու միջազգային դրության ցանկացած սրացման, միայն թե կարողանա համախմբել հայ հասարակությանը` երկրում ներկա վիճակի պահպանման աջակցության համար: Նա պահանջել էր, որ Մոսկվան փոխի Երևանի հետ իր հարաբերությունների տոնը և առնվազն բողոքի նոտա հղի Երևանին` պահանջելով ապամոնտաժել այդ արձանն ամենակարճ ժամկետներում:

Տեսանյութեր

Լրահոս