«Սամվել Բաբայանի վերադարձն առաջացրել է քաղաքական դեֆորմացիա հենց Արցախում». Զարուհի Փոստանջյան
«Արցախի Հանրապետության իշխանությունների հայտարարությունները Հայկ Խանումյանի վերաբերյալ ադեկվատ և հարիր չեն իրենց կրած պաշտոնին, որովհետև դրանք ստվերում և մատնանշում են, որ ոչ թե իրավապահ մարմինների, այլ քաղաքական իշխանության գնահատականն է»,- նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունները, մասնավորապես, այն միտքը, որ Խանումյանի խոսքն արժանահավատ չէ:
Հիշեցնենք, որ Բաբայանը Խանումյանին բնութագրել էր՝ որպես «մուննաթ Խանումյան», նշել, որ նա անհավասարակշիռ է, բազմաթիվ անգամ վիրավորել է տարբեր մարդկանց և հաճախ է հայտնվում քաշքշուկներում:
«Որևէ մեկը չի կարող ասել, թե հստակ ինչ է տեղի ունեցել, և տուժողի հայտարարությունը վարկաբեկելը, ասել, որ դրանք արժանահավատ չեն, դա ուղղորդված է և մատնանշում է, որ իրենք ունեն մեղավորություն այս բռնությունների կատարման մեջ: Սա շատ ցավալի է, որովհետև մենք խնդիր ունենք ժողովրդավար հանրապետություն ունենալու և տարբեր լինելու Ադրբեջանից»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Նա կոչ արեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, իրավապահներն արագ գործեն, բացահայտեն մեղավորներին ու պատասխանատվության ենթարկեն նրանց:
Սամվել Բաբայանի վերադարձի մասին Զ.Փոստանջյանը նշեց, որ ցանկալի է, որ յուրաքանչյուր հայ մարդ վերադառնա հայրենիք.
«Բայց նրա վերադարձն առաջացրել է քաղաքական դեֆորմացիա հենց Արցախում, և մենք, լինելով անկախ պետականություններ, այնուամենայնիվ, մեկ քաղաքական տարածք ենք, և նրա վերադարձն ալիք է բարձրացրել ամբողջ հայկական պետականության տարածքում»: