Սամվել Բաբայան․ «Ես քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ». azatutyun.am

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Ստեփանակերտցիներն այսօր աղ ու հացով դիմավորեցին Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին:

Հազարից ավելի ստեփանակերտցիներ այսօր կեսօրին աղ ու հացով, ծափողջյուններով և երաժշտությամբ դիմավորեցին Լեռնային Ղարաբաղի ազգային հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Բաբայանը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը ծաղիկներ դրեց ղարաբաղյան պատերազմի տարիներին կորցրած ընկերների գերեզմաններին, այնուհետև հանդես եկավ ելույթով՝ դիմելով ղարաբաղցիներին:

«Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունը լինի բարձր, ապահովված», – հայտարարեց Բաբայանը, – «Ինչ վերաբերում է իշխանություններին կամ ինչ-որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսկերքը ուղիղ ընդունել, ոչ թե ենթատեքստ գտնել, փորձել ձևակերպումներ տալ, որ՝ իմ գալը քաղաքական ինչ-որ խնդիրներ է լուծում: Ես քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ»:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց՝ իր գործողություններին քաղաքական աստառ տվողները պարզապես փորձում են իրեն վարկաբեկել՝ «իրենց շարքերին դասել»:

«Եթե ես իրանց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց: Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու: Բայց միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ հոր բողչան չի՝ ինչ ուզեն, էն էլ անեն», – հավելեց Սամվել Բաբայանը:

Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Բաբայանը օրերս «Սիվիլնեթին» տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել ռազմական ղեկավարությանը՝ մասնավորապես, նշելով, որ ապրիլյան քառօրյա իրադարձությունների ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով էլ հայկական կողմը դիրքեր է կորցրել: Սամվել Բաբայանը նաև ասել էր, թե իրավիճակի սթափ վերլուծություն չի կատարվում, պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: «Բարձր ոգով հրթիռ կամ արկ չես բռնի»,- հեգնել էր նա: Բաբայանի այս խոսքերը Ի պատասխան այդ գնահատականների, ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի իշխանական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, թե Բաբայանն այդպիսով փորձում է քաղաքական դաշտ մուտք գործել:

Բաբայանի հարցազրույցի առնչությամբ նաև իշխանական շրջանակներից քննադատություն էր հնչել, թե պաշտպանական ոլորտում նրա մոտեցումները հնացած են: Այս առնչությամբ էլ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասաց՝ պատրաստ է ցանկացածի հետ բանավիճել և ապացուցել, որ այս պահի դրությամբ պաշտպանության բանակի մարտավարությունը սխալ է և ադրբեջանական զինուժը ստացել է որոշակի, փոքր առավելություն:

«Ադրբեջանը ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол»՝ իսրայելական: Չորս դիվիզիոն ա առել: Ու կարամ տեղերն էլ ասեմ՝ որտեղա տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում: Հիմի՝ ե՞ս եմ հնացած, թե՞ իրանք», – ասաց Բաբայանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՊԲ նախկին հրամանատարը Ստեփանակերտ է գնում Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով, Բաբայանն ասաց՝ ինքը պատրաստ է քննարկումների, սակայն այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ ո՛չ ԼՂ նախագահի, ո՛չ էլ Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

 

Տեսանյութն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս