
Հալեպում թեժ մարտեր են ընթանում

Հալեպի հյուսիսային Շեյխ-Մակսուդ թաղամասում թեժ մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ զինյալներն օգտագործում են զրահատեխնիկա: Հարձակումն իրականացնում են «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար-աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումները: Նրանք կրակի տակ են վերցրել նաև Խանդրատա շրջանում սիրիական բանակի դիրքերը:
Ռուսական կենտրոնի ներկայացուցիչը հավելել է, որ գիշերվա ընթացքում զինյալներն ինտենսիվ կրակ են բացել ականանետերից «Կաստելլո» առևտրային շրջանի կենտրոնի ուղղությամբ ու Հալեպի հյուսիսային Մուխաիմ-Խանդրատ բնակավայրի բնակելի թաղամասերի վրա:
Նախօրեին Շեյխ-Մակսուդում մեծ ավերածություններ են գրանցվել, զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
Քուրդ աշխարհազորայինների ջոկատները հարձակումների հետևանքով նահանջել են Հալեպ քաղաքի Շեյխ-Մակսուդ թաղամասի պաշտպանական դիրքերից:
Խաղաղ բնակիչները նույնպես զանգվածաբար լքում են թաղամասն ու փախչում Սիրիայի հյուսիս՝ քրդական Աֆրին շրջան, հայտնում է Քուրդիստանի հայրենասիրական միությունը: Վերջին տեղեկություններով՝ արդեն Աֆրին է ժամանել ավելի քան 3000 մարդ: