Թուրքիայում զբոսաշրջության զարգացման նպատակով ինքնաթիռ են ջրասույզ արել
Թուրքիան որոշել է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունն անսովոր եղանակով: Կուշադասի հանգստավայրում դայվինգի զարգացումը խթանելու նպատակով Էգեյան ծովում՝ ափի մոտ, ջրասույզ է արվել A300 ինքնաթիռը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը:
Նշվում է, որ 54-մետրանոց ինքնաթիռը կդառնա երկրում խոշորագույն արհեստական խութը:
Շահագործումից հանված ինքնաթիռը տեղի իշխանություններին արժեցել է 93 հազար դոլար:
Կառավարությունը հույս ունի, որ այդ ատրակցիոնը հանգստավայր կբերի տարեկան մինչև 250 հազար զբոսաշրջիկի:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալով՝ ընթացիկ տարվա ապրիլին երկիր է այցելել 1,75 մլն մարդ, ինչը 28%-ով քիչ է անցած տարվա համեմատությամբ: Ամենից շատ՝ 79%-ով կրճատվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը: