
Ավելի քան 40 մարդ է սպանվել Հալեպի հրթիռակոծության հետևանքով

Նվազագույնը 40 քաղաքացիական անձ է սպանվել վերջին մի քանի ժամում ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը գնդակոծելու հետևանքով: Այս մասին այսօր հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «ավելի քան 40 խաղաղ բնակիչ է սպանվել վերջին մի քանի ժամում Հալեպի ուղղությամբ ծայրահեղական խմբավորումների անդադար արձակած հրթիռների հետևանքով»:
Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Նշվում է, որ ահաբեկիչները նվազագույնը 50 հարված են հասցրել քաղաքի բնակելի թաղամասերին: Ամենից շատ հարվածներ են հասցվել Էլ-Խամդանիա, Սեյֆ-էդ-Դաուլ, Էր-Ռամուս ու Էս-Սուլեյմանիա քաղաքային շրջաններին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների լայնամասշտաբ հարձակումների հետևանքով քրդական ինքնապաշտպանական ջոկատները հեռացել են Հալեպի թաղամասերում զբաղեցրած իրենց դիրքերից: