Գերմանիան այսուհետ Մոսկվային համարելու է ոչ թե «գործընկեր», այլ «հակառակորդ»
Գերմանիան Ռուսաստանին այլևս չի համարում իր դաշնակիցը: Գերմանիայի կառավարությունը 2006 թվականից առաջին անգամ պատրաստ է նորացնել «Սպիտակ գիրքը»՝ պետության ազգային անվտանգության քաղաքականության մասին ուղեցույցը:
Գերմանիայի պաշտպանության նախարարության կազմած 80-էջանոց փաստաթղթի վրա աշխատել են նաև մնացած ուժային կառույցները, ինչի արդյունքում դրանում ներառվել են մի շարք առանցքային փոփոխություններ, որոնց մի մասը վերաբերում է նաև Ռուսաստանին: Այսուհետ Մոսկվան ոչ թե «գործընկեր» է, այլ «հակառակորդ», գրում է գերմանական Die Welt թերթը:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը լղողում է պատերազմի և խաղաղության միջև սահմանագիծը: «Մոսկվան առաջ է մղում իր հետաքրքրությունները բռնի մեթոդներով ու ինքնակամ փոխում է միջազգային իրավունքով երաշխավորված սահմանները, այդ իսկ պատճառով էլ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայում հաստատված խաղաղ կարգի համար, որը ձևավորվել էր Սառը պատերազմից հետո»,- ասված է ձեռնարկում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը «մեջքով է շրջվում դեպի Արևմուտքը», ամրապնդում է իր ռազմավարական մրցակցությունն ու մեծացնում իր ռազմական գործունեությունը Եվրամիության արտաքին սահմաններին»:
«Սպիտակ գրքի» հեղինակների մոտ առանձին անհանգստություն է հարուցում «թվային հեռահաղորդակցության օգտագործումը հասարակական կարծիքի վրա ազդելու համար, սոցցանցերում քննարկումների վրա ոչ պաշտոնական վերահսկողության սահմանումը՝ մինչև լրատվական հաղորդումներում տեղեկությունների մանիպուլյացիա», գրում է պարբերականը:
Այդ ամենը, ըստ Գերմանիայի ուժայինների, կարող է Գերմանիայի համար ունենալ լուրջ հետևանքներ, «այդ իսկ պատճառով առանց Ռուսաստանի կուրսի հիմնարար փոփոխության տեսանելի ապագայում սպառնալիք կներկայացնի մեր մայրցամաքի համար», գրված է գրքում:
Ընդհանուր, փաստաթղթում թվարկված է Գերմանիայի համար 10 սպառնալիք, որոնց թվում են միջազգային ահաբեկչությունը, արմատական ազգայնականությունը, միգրացիոն հարցը ու համաճարակների առաջացման ռիսկերը բնակչության թվաքանակի ավելացման պատճառով:
Թերթը նշում է, որ «Սպիտակ գիրքը» պետք է հաստատվի ու ներկայացվի Գերմանիայի նախարարների կաբինետին մինչև ամառային արձակուրդները: