Բաժիններ՝

Տեղի ունեցավ UWC ցանցի հայաստանցի նոր ուսանողների նորամուտի հանդիսավոր արարողությունը

UWC Dilijan քոլեջում մայիսի 29-ին UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից կազմակերպվեց նոր ուսանողների նորամուտի հանդիսավոր արարողությունը:

Նոր ուսումնական տարում հայաստանցի եւս 20 ուսանողներ, ովքեր այս տարի UWC ցանցի քոլեջների ընդունելության մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել, իրենց ուսումնառությունը կսկսեն UWC Դիլիջանում եւ ցանցի եւս յոթ քոլեջներում:

Արարողությանը մասնակցում էին ոչ միայն նոր ընդունված ուսանողները, այլեւ UWC ցանցի մյուս քոլեջներում ներկայումս սովորողներն ու շրջանավարտները:

Ապագա ուսանողներին ողջունեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը եւ UWC Հայաստանի ազգային կոմիտեի համակարգող Դարյա Բրոդնիկովսկայան:

Կարդացեք նաև

UWC1

«Շրջանավարտների եւ ուսանողների համար սա լավ հնարավորություն է հանդիպելու ապագա ուսանողների հետ եւ կիսվելու իրենց տպավորություններով, իսկ նոր ուսանողների համար էլ ավագ ընկերների խորհուրդները շատ օգտակար կլինեն: Այսպիսի հանդիպումների նպատակը մեզ՝ կազմակերպիչներիս համար, բաց երկխոսությունն ու կենդանի շփումն է ուսանողների եւ շրջանավարտների միջեւ, որը վկայում է ժամանակակից բազմակողմանի կրթության, ինչպես նաեւ այն հումանիտար արժեքների պահանջվածության մասին, որոնք կիսում է UWC կրթական շարժումը»,-նշեց Դարյա Բրոդնիկովսկայան:

Ներկայացնելով ընդունելության արդյունքները՝ Դարյա Բրոդնիկովսկայան նշեց, որ այս տարի եւս մրցակցությունը բավականին թեժ է եղել: Երեք փուլերի արդյունքներով ընտրված 20 երիտասարդները Երեւանից, Դիլիջանից, Գյումրիից, Վանաձորից, Էջմիածնից, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Փարաքար եւ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքներից են: Նրանցից 8-ը սովորելու են UWC Դիլիջան քոլեջում, մյուսները՝ Սինգապուրի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի UWC քոլեջներում:

UWC2

Ողջունելով նոր ուսանողներին՝ UWC Dilijan College-ի տնօրեն Ջոն Փադըֆութն ընդգծեց, որ UWC ցանցում ուսումնառությունը կյանքը դրականորեն փոխելու բացառիկ փորձ է տալիս: «UWC –ում ուսումը պարզապես տարբեր երկրներում անցկացված երկու տարիներ չեն: Երբ դուք հայտնվում եք UWC քոլեջում, հնարավորություն եք ստանում ձեր կյանքի երկու տարիներն անցկացնելու շուրջ հարյուր տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ: Եթե անգամ դուք սովորելու եք Դիլիջանում, որն այնքան էլ հեռու չէ ձեր տնից, այստեղ եւս ձեր առջեւ բացվելու է ողջ աշխարհը: Դուք հնարավորություն կունենաք հայկական մշակույթը բերել ոչ միայն Դիլիջանի քոլեջ, այլեւ ցանցի այն քոլեջներ, որտեղ ուսանելու եք: Որտեղ էլ որ լինեք, դուք բացելու եք պատուհան, որի միջոցով աշխարհը կարող է տեսնել ու ճանաչել Հայաստանը»,-ընդգծեց Ջոն Փադըֆութը:

Հայաստանցի բոլոր ուսանողներն ուսման համար ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ կստանան՝ UWC Dilijan College-ի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի, Քոլեջի հիմնադիր-գործընկեր, AFFA բարեգործական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանի, Նիկոլաս եւ Քրիստիանա Վեյկարտների, Ameria Group –ի եւ IDeA հիմնադրամի կողմից:

UWC4

Կրթաթոշակների տրամադրումն իրականացվում է need-based, իսկ բաշխումը՝ demonstrated need համակարգերով՝ ընտանիքի եկամուտները հաստատող տեղեկությունների եւ փաստաթղթի հիման վրա: Քանի որ կրթաթոշակային հիմնադրամի միջոցները սահմանափակ են, demonstrated need համակարգը թույլ է տալիս դրամաշնորհ տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, եւ ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաեւ, որ UWC Dilijan College-ի երկու շրջանավարտներ՝ Ալինա Խաչատրյանը եւ Մանանա Հակոբյանը, ովքեր ընդունվել են աշխարհի լավագույն համալսարանների ցանկում  գտնվող՝ համապատասխանաբար Էդինբուրգի եւ Բերկլիի համալսարաններ, կրթաթոշակներ կստանան Scholae Mundi  եւ Մասիս քաղաքի զարգացման հիմնադրամների կողմից:

«Մենք հավատում ենք, որ լավ կրթությունը ապագայի հիմքն է: Այդ իսկ պատճառով կարեւոր է սովորել աշխարհի լավագույն բուհերում եւ վերցնել լավագույնը: Մենք հավատում ենք, որ ոչ միայն Մանանան ու Ալինան, այլեւ UWC-ի մյուս հայ շրջանավարտները կվերադառնան եւ կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսի վայր, որտեղ մարդիկ ցանկանան գալ ու ապրել»,-նշեց Վերոնիկա Զոնաբենդը, ով նաեւ Scholae Mundi հիմնադրամի համահիմնադիրն է:

Հայաստանում UWC ցանցի քոլեջներ ընդունելության համակարգի ներդրումից ՝ 2011 թվականից ի վեր ցանցի քոլեջներում սովորել եւ սովորում է հայաստանցի 75 ուսանող, որոնցից 29-ը՝ UWC Դիլիջանում, 46-ը՝ ցանցի այլ քոլեջներում:

Ուշագրավ է, որ 2014 թվականին UWC Dilijan College-ի բացումը զգալի ավելացրել է   ցանցի քոլեջներ ընդունվող հայաստանցի երիտասարդների թիվը:

Տեղեկանք

United World Colleges շարժում Հիմնվել է 1962 թվականին: Ներկայումս UWC ցանցը ներառում է 15 քոլեջ՝ աշխարհի տարբեր երկրներում: Ուսանողների ընտրության գործընթացն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ աշխարհի 150 երկրներում գործող Ազգային կոմիտեների միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս