ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը գրեթե համաձայնեցված է. Բելառուսի Մաքսային պետական կոմիտե
ԵԱՏՄ-ի երկրներն ավարտում են միութենական Մաքսային օրենսգրքի շուրջը դիրքորոշումների համաձայնեցումը. Այս մասին ասված է Բելառուսի Մաքսային պետական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը գտնվում է մասնակից երկրների դիրքորոշումների համաձայնեցման ավարտական փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ: Բելառուսի Մաքսային պետական կոմիտեում պարզաբանել են, որ փաստաթղթի նախագիծն արտացոլում է «սկզբունքային պահանջները հինգ երկրների տարածքում արտաքին տնտեսական գործունեության կազմակերպման նկատմամբ»:
Հիմնական պահանջների թվում է «առավելագույն վստահությունը տնտեսավարման սուբյեկտների նկատմամբ եւ, որպես հետեւանք՝ լիազոր տնտեսական գործարկուի ինստիտուտի կիրառման ընդլայնումը»: Բելառուսում կան 325, Ռուսաստանում՝ 130, Ղազախստանում՝ 3 այդպիսի գործարկուներ:
Նաեւ խոսքը վերաբերում է ապրանքների լիակատար էլեկտրոնային հայտարարագրման եւ մաքսատան ու գործարարության տեղեկատվական հաղորդակցման ավտոմատ ռեժիմի անցմանը: Բացի դրանից, սկզբունքային պահանջների թվում է հնգյակի երկրների տարածքով ապրանքների տարանցման ազատության սկզբունքի իրագործումը:
Մաքսային պետական կոմիտեում նշել են, որ Մաքսային օրենսգրքի դրույթները մշակվել են ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկատերերի եւ արդյունաբերողների միությունների առաջարկությունների հաշվառմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: