Բաժիններ՝

«Սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը». Վարդան Հարությունյան

Սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Ընկերությունն առաջարկը ներկայացրել է, և, եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորություն դեպքում իրենք կփոխեին: Դա մաքսիմալն է, որ կարող էինք անել»,-ասաց Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, որ սահմանին գազի գինն անհամեմատելիորեն էժան է, քան այն վաճառվում է հայաստանաբնակ սպառողներին, ինչ գործոններ են ազդում սակագնի ձևավորման վրա` ընկերության ղեկավարը նշեց.

«Վերջնական սակագինը ձևավորվում է` ՀՀ օրենքներին համահունչ: Բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա` պահպանման, շահագործման ծախսերը, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի վաղը, մյուս օրը հետագա սերունդները ունենան հուսալի գազամատակարարման համակարգ: Գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ, դրանք մեր պապերի թողած խողովակներն են, ուզում եք` ոչինչ չանե՞նք, ոչինչ չթողնե՞նք մեզանից հետո»:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ սպառողների համար գազի սակագնի իջեցումը չի ազդի ընկերության շահույթի վրա: «Ընկերության շահույթը չի փոփոխվել, ինչպես եղել է նախկին սակագնով, այդպես էլ մնացել է նույնը»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ընկերությունը պատրաստվում է կատարել, արդյոք դրանք փոփոխության կենթարկվեն, Հարությունյանը թվային տվյալներ չներկայացրեց` նշելով, որ դրա մասին հանրությունը կտեղեկանա ներդրումային ծրագրի հաստատումից հետո:

«Մենք հիմա մշակում ենք մինչև 2030 թվականի գազամատակարարման զարգացման գլխավոր հատակագիծը, այն ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այդ ծրագիրը հաստատվելու դեպքում կիմանաք, թե որ տարվա կտրվածքով որքան ներդրում է կատարելու ընկերությունը գազմատակարարման ու գազաբաշխման համակարգի վերազինման համար»,-հավելեց պաշտոնյան:

Հնչեց նաև հարց արտադրական հզորությունները մեծացնելու մասին, ինչի առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարը հայտնեց, որ դրա անհրաժեշտություն միշտ կա: «Եթե ունենանք արտադրական հզորությունների աճ, կունենանք գազի սակագնի նվազում: Քանի որ մեր ծախսերը մնում են հաստատուն, քանակի ավելացումը բերելու է սպառվող գազի ծավալների աճի, հետևաբար`սակագնի նվազման»,- նշեց Վարդան Հարությունյանը:

Նա շեշտեց, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ու հատուկ վերաբերմունք ցուցաբերել ներդրողներին:

«Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»:

Իսկ թե ինչ է նշանակում «հատուկ վերաբերմունք», Վարդան Հարությունյանն ասաց. «Ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանանք մեծ ծավալի գազի սպառում ապահովել, դրանից կօգտվի ոչ միայն արտադրողը, այլև անհատ սպառողը»,-ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ`գազի սակագինը նվազեց. սպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն կվճարի 146.7 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս