Ադրբեջանի ՀՆԱ-ում արտաքին պարտքն արագորեն աճում է
Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային
կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Ստորագրված պայմանագրերի գծով արտաքին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 28,5 տոկոսը, օգտագործված վարկերի գծով` 19,8 տոկոսը: Ներկայում ստորագրված պայմանագրերի գծով յուրաքանչյուր շնչին ընկնող արտաքին պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը եւ կազմել 1030 դոլար:
Այս առնչությամբ «Ազադլըգ» թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ 2014 թվականի համեմատ, 2015 թվականին Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 273,1 մլն դոլարով աճել է:
«Միեւնույն ժամանակ ՀՆԱ-ի` արտարժույթով նոմինալ արժեքի նվազումը խիստ մեծացրել է ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հատուկ կշիռը եւ հասցրել նրա մեկ հինգերորդին: Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ՀՆԱ-ն նվազում է տնտեսության մեջ առկա անկման պատճառով, իսկ արտաքին պետական պարտքն արագորեն աճում է:
Նման դեպքում տարվա վերջի համար ստորագրված վարկերի գծով արտաքինպետական պարտքերը կգերազանցեն ՀՆԱ-ի մեկ երրորդը, իսկ օգտագործված վարկերի գծով` մեկ չորորդը», -կանխատեսում է նա:
Փորձագետը հավելում է, որ ստորագրված պայմանագրերի համաձայն` արտաքին պետական պարտքի 58,6 տոկոսը կամ 6 մլրդ դոլար մասը Ադրբեջանը պետք է վճարի առաջիկա 10 տարվա ընթացքում:
«Դա նշանակում է, որ արտաքին պետական պարտքը մարելու համար Ադրբեջանն ամեն տարի պետք է 600 մլն դոլար վճարի, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի բանկերի արտաքին պարտավորությունները կազմել են 5,5 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կոնսոլիդացված պարտքը կազմել է 6,3 մլրդ դոլար», -նշել է նա:
Ադրբեջանցի տնտեսագետը եւս մեկ բացասական կանխատեսում է արել Ադրբեջանի համար: Նրա խոսքով` ներկայում այդ ուղղությամբ առաջացած անհանգստությունը միայն պարտքերի ընդհանուր չափի աճը չէ:
«Անհանգստությունը նաեւ պետական երաշխավորությամբ պարտքերի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով է: Արտաքին պարտքի վերադարձը վերջնական արդյունքում ընկնելու է պետական պարտքի վրա: Իսկ դա ավելի է սահմանափակելու առանց այն էլ լարված վիճակում գտնվող պետական բյուջեի ֆինանսավորման հնարավորությունները», -շեշտել է նա:
Միջազգային վարկանիշային Moody`s գործակալության հետազոտությունների համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:
«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին` 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ
Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:
Moody`s-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա կախված այն բանի հետ, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:
Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:
«15-20 մլրդ մանաթ գտնելն այնքան էլ դժվար գործ չէ: Սակայն, գլխավոր խնդիրը ռեալ հատվածում դրա ճիշտ տեղադրումն է: Դրա 80-90 տոկոսը պետք է արդյունավետ ուղղվի իրական հատված: Ադրբեջանի հատկապես գյուղատնտեսության, առեւտրի, զբոսաշրջության եւ ծառայությունների հատվածները վարկավորման խիստ կարիք ունեն», -ասել է փորձագետը:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: