Բաժիններ՝

«Ի՞նչ պարտադիր է՝ թերթերում գրվի այդ մասին». Արմեն Ալավերդյանը՝ մեքենաների մաքսազերծման գները հրապարակելու մասին

«Երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակներում ապրանքների ներմուծումն իրականացվում է երրորդ երկրից, ապա հարկեր կան սահմանի վրա, որ չենք ստանում, և գնահատական էլ տրվում է՝ ըստ առանձին ապրանքատեսակի. երկրի ներսում այդ ապրանքները, ի վերջո, հարկվում են, սակայն՝ 40 օր հետո, ու հարկվում են միայն ավելացված արժեքի հարկով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Հարցին, թե այդ տեսանկյունից արդարացվա՞ծ էր ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը, Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ արդարացված էր. «Մենք երկրով մեկ այդ ճանապարհն ընտրել ենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ Ա. Ալավերդյանը հայտարարել էր, որ ստվերը եղել է, կա ու կմնա: Հարցին, թե՝ փաստորեն, կառավարությունը չի՞ պայքարում ստվերի դեմ, Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ կառավարությունը պայքարում է, իր այդ արտահայտությունը եղել է այն կոնտեքստում, որ ստվերային տնտեսություն եղել է, այսօր էլ կա, ու, ըստ նրա, շատ դժվար է իսպառ ջնջել, վերացնել ստվերը:

«Ոլորտներ կան, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, կամ ծախսերն են ուռճացնում, կամ ձգտում են եկամուտներն ավելի շատ իրենք ստանալ, քան պետական բյուջե վճարել: Սա բնական երևույթ է, բոլոր երկրներում էլ կա»,- նշեց Ա. Ալավերդյանը:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ ՊԵԿ-ը չի հրապարակում մեքենաների մաքսազերծման գները՝ Ա. Ալավերդյանն ասաց. «Ի՞նչ պարտադիր է՝ թերթերում գրվի այդ մասին: Ես չեմ կարծում, որ դա հանրային կդառնա, որովհետև այդ ցանկի հրապարակման հետ՝ մենք անպայմանորեն գործ կունենանք եկամուտների անկումների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս