«Ելույթի ընթացքում փոխեցի վարժությունների ծրագիրը». Հարություն Մերդինյան
Մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց առաջին տպավորություններով, խոսեց կատարած վարժության մասին և անդրադարձավ Օլիմպիական խաղերին:
-Հարություն, շնորհավորում եմ քեզ: Դու պատմություն ես կերտում: Եվրոպայի առաջնություններում նվաճել էիր 2 բրոնզե և մեկ արծաթե մեդալ, իսկ հիմա՝ ոսկե: Ի՞նչ ես զգում այս պահին:
– (Ծիծաղում է): Իմ ամեն արդյունքը մոտ 25 տարվա վաղեմություն ունի: Երջանկությունս իրոք անչափ է: Ուրախալի է նաև այն, որ այս արդյունքն Օլիմպիական խաղերից առաջ արեցի, չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ:
-Կիսաեզրափակչի նժույգթափերի վարժությունում մարզիկներն ավելի վստահ էին ելույթ ունենում: Այսօր 8 մարզիկներից միայն 3-ը չընկան, որոնց թվում նաև դու էիր: Խնդիրը լարվածությո՞ւնն էր:
– Միանշանակ: Նյարդերը տեղի են տալիս: Ես ինքս էլ վարժության սկզբում սխալ թույլ տվեցի, սակայն ընթացքում կողմնորոշվեցի և փոխեցի ծրագիրս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Իմ նյարդերն ավելի ամուր էին, այդ պատճառով չընկա: Մրցակիցների սայթաքելն էլ է լարվածություն առաջացնում:
-Քո ելույթից առաջ հավաքականի մարզիչը քեզ խորհուրդ էր տալիս ավելի թեթև՞ բարդությամբ ներկայանալ:
– Մարզիչս ինձ պարզապես ասաց, որ կարող ես քո հին վարժությունը կատարել, որպեսզի ավելի վստահ զգայի ինձ, քանի որ ինձանից առաջ բոլոր մարզիկներն ընկել էին և դա լարվածություն էր առաջացրել ինձ մոտ:
-Ստացվում է այնպես, որ դու ընթացքո՞ւմ փոխեցիր ելույթդ:
-Այո, ելույթիս ամենասկզբում սխալ թույլ տվեցի և պարտավոր էի շտկել այդ: Հենց ընթացքից փոխեցի վարժությունս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Փառք Աստծո ինձ հաջողվեց հաջողության հասնել:
-Մարմնամարզությունը նույնպես անկանխատեսելի մարզաձև է: Այնուամենայնիվ, ի՞նչ սպասել Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանից Ռիոյի Օլիմպիական խաղերում:
-Նախoրոք ոչինչ ասել չեմ կարող: Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ:
Շվեյցարիա, Բեռն
ՀԱՕԿ լրատվության բաժին