Բաժիններ՝

«Մի հատ դուք նայեք՝ ովքեր են կարծիքներ արտահայտում». Տարոն Մարգարյան

«Ամեն մարդ իր կարծիքն ունի, Լևոն Իգիթյանը նաև Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի է և անցած երկար ճանապարհ ունի, ես հարգում եմ նրա անցած ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Իգիթյանն Արամի 30 հասցեում գտնվող շենքը «սարայ» էր անվանել:

Ըստ Երևանի քաղաքապետի՝ դա Լ. Իգիթյանի մասնագիտական կարծիքն է: «Դա Երևանի հասցեին չէր, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի մասին էր, բոլոր մասնագետներն էլ իրավունք ունեն նման կարծիք ունենալ»,- նշեց քաղաքապետը:

Դիտարկմանը, թե հենց այդ կարծիքների քողարկման տակ են շենքերը քանդվում, Տ. Մարգարյանն այսպես պատասխանեց. «Երբ ամեն մասնագետ իր գործով զբաղվի, ամեն ինչը շատ հեշտ կկարողանանք կարգավորել: Մի հատ դուք նայեք՝ ովքեր են կարծիքներ արտահայտում: Ես այնքան էլ համաձայն չեմ քանդելուն, ավելի շատ կողմնակից եմ, որ տեղափոխում լինի: «Հին Երևանի» կառուցապատումը որ սկսվի, այս խնդիրները կլուծվեն»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է կառուցապատումը ձգձգվում՝ Տ. Մարգարյանը նշեց, որ այն խոշոր ծրագիր է՝ 150 միլիոնի ներդրումներ է պահանջում, այսօր կա ներդրողը. «Արդեն քաղաքաշինական ծրագրերն ենք նախապատրաստում, շատ հնարավոր է՝ այս տարի սկսեն շինարարական աշխատանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս