«Ապրիլի 4-ին իմացա մահվան լուրը, վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում». ասում է զոհված Գեղամ Մկրտչյանի կինը

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում 1986 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանը, ով ապրիլի 3-ին զոհվել է Թալիշում` հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով, այդպես էլ չի իմացել, որ հայր է դառնալու: Այդ մասին նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գեղամի կինը` Անուշը, ով ևս ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում:

Անուշն ու Գեղամը ծանոթացել են ծառայության ընթացքում, ամուսնացել, սակայն միասին հասցրել են ապրել ընդամենը 6 ամիս:

«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում: Սեռը դեռ չգիտեմ: Եթե որդի ունենամ՝ հոր անունն է կրելու»,- ասաց Անուշ Հյուսնունցը:

Գեղամի կինը պատմեց, որ ամուսինը հայրենասեր էր, ընկերասեր, բարի և հենց հայրենասիրության արդյունքում էր, որ անցել էր պայմանագրային ծառայության:

Տեսանյութեր

Լրահոս