«Քառօրյա պատերազմի ընթացքում կարիք չեղավ օգտագործելու մեր օդային ամբողջ ներուժը»
ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆ- ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ
Ապրիլի սկզբին առաջադրանք ստանալուն պես, համաձայն պլանի, կազմակերպել ենք ավիացիոն ստորաբաժանումների գործողությունները. իրականացվել են ուժերի և միջոցների վերատեղակայումներ դեպի նախորոշված վայրեր, որտեղից իրականացնելու էինք մարտական առաջադրանքը: Մարտական խնդիրների կատարման համար նախապատրաստվել են ուղղաթիռներ ու ինքնաթիռներ` համապատասխան սպառազինությամբ: Առաջին իսկ պահից օդաչուական կազմը պատրաստ էր կատարելու մարտական առաջադրանքը: Ավիացիայի առավելությունն այն է, որ խնդիրները կատարվում են շատ ավելի սեղմ ժամկետներում. սա բարձր մանևրային զորատեսակ է:
Սակայն այս քառօրյա պատերազմի ընթացքում բնականաբար կարիք չեղավ օգտագործելու մեր օդային ամբողջ ներուժը: Կարճ ժամանակում հակառակորդը հասկացավ, որ իր օդուժը կիրառելու հնարավորություն իրենց չի տրվի: Այսպիսով՝ մեր օդուժի հիմնական դերակատարումը վիրավորների տեղափոխումն էր մարտական գոտիներից, որն էլ իրականացվեց մեծ օպերատիվությամբ և արհեստավարժությամբ: Արդյունքում՝ մենք ոչ մի կորուստ չունեցանք վիրավորների շրջանում, նրանց ապահով տեղափոխեցինք զինվորական բուժհաստատություններ, որտեղ և նրանք համապատասխան օգնություն ստացան:
Կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում մեր օդաչուները պատրաստ են կատարելու մարտական խնդիրներ: Եվ, իհարկե, մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, առաջինը կմեկնենք առաջնագիծ, իսկ մեր ետևից, եթե դրա կարիքը լինի, մարտական առաջադրանքներ կատարելու լիարժեք պատրաստ օդաչուների նոր սերունդն է գալու: Կուզենայի հատուկ նշել ռազմական օդաչուների դարբնոցի` Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի դերակատարումը մեր զորքերը լավագույն օդաչուական կադրերով համալրելու գործում: Հարկ է փաստել, որ շատ քիչ երկրներ կան, որոնք ի զորու են սեփական ուժերով պատրաստելու ուսանողական նստարանից անմիջապես ռազմի դաշտ մեկնելու պատրաստ բարձրակարգ օդաչուներ: Ես ինքս ռազմաավիացիոն համալսարանի առաջին շրջանավարտներից եմ: Ու կարող եմ փաստել, որ մեր ավիատորների նոր սերունդն աչքի է ընկնում բարձր պատրաստությամբ, գիտելիքներով և մասնագիտական հմտություններով, պատրաստ է ցանկացած պահի պաշտպանելու մեր երկրի օդային սահմանների անվտանգությունը:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
hayzinvor.am