ԻՊ-ը Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին ուղղված սպառնալից տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ բովանադակող տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, տեսահոլովակը սոցցանցերում հրապարակել է ԻՊ-ի «Ֆուրաթ» ռուսալեզու մեդիախումբը:
«Ուղերձ Ռիբաթի հողերից բռնազավթված Ադրբեջան» վերնագրով տեսահոլովակում ծննդով Ադրբեջանից ռուսալեզու մարտիկը, որն իրեն անվանում է Գուսարի շրջանից (լեզգիաբնակ) «Կովկասցի Աբդուլլա», ասում է, որ իսլամ է ընդունել 2001 թվականին, արդեն 3 տարի է` գտնվում է Սիրիայում: Սկզբում կռվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» համար, իսկ այժմ անցել է ԻՊ:
Տեսահոլովակում ջիհադականը սպառնում է վերացնել ադրբեջանական մուսուլմանների առաջնորդին` Կովկասի շեյխ ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադեին եւ տեղացի սալաֆիների (վահաբիների) առաջնորդ Գամեթ Սուլեյմանովին:
Հոլովակում Կովկասցի Աբդուլլլան Ալլահշուքյուր Փաշազադեին անվանում է «թաղութ» (անպատիվ մեկը, որը մոլորության է մատնում մարդկանց) եւ խոստանում գլխատել նրան: Սալաֆիների առաջնորդին մոջահեդը մեղադրում է այն բանում, որ նա վատաբանում է իրենց «խալիֆաթին»:
Նման մեղադրանքներով եւ սպառնալիքներով ԻՊ-ը սովորաբար հանդես է գալիս այն կրոնական առաջնորդների դեմ, որոնք ակտիվորեն համագործակցում են իշխանությունների հետ եւ ամբողջությամբ պաշտպանում են նրանց քաղաքականությունը:
Տեսահոլովակը հրապարակվել է որպես Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ ԻՊ-ի «պաշտոնական» դիրքորոշում: