
Մարտունի-Վարդենիս-Սոթք մայրուղու 4,6 կմ հատվածի հիմնանորոգումը կմեկնարկի 25 օր հետո. նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի-Վարդենիս-Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված այսօրվա միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ բնակիչները փակել էին մայրուղին՝ պահանջելով լուծել խնդիրը:
Նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
«Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: