Վիեննայի հանդիպումը հաջողված էր. Ալիև
Ղարաբաղի կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վիեննական հանդիպումը հաջողված էր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:
«Մեր տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ, ու ես կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջողված էր: Մենք սպասում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես ասում են միջնորդները, առարկայական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում ապրիլյան սրացումներից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:
Հանդիպումն ընթացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: