Մեդվեդևը հանձնարարել է պարենային էմբարգոն երկարաձգել մինչև 2017 թվականի վերջը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:

«Ես հրաման եմ տվել երկարաձգել պատասխան միջոցառումները մինչև 2017 թվականի վերջը: Կնախապատրաստվի դիմում` ուղղված նախագահին ու կկազմվի կառավարության համապատասխան որոշումը: Այդ պատճառով, նրանք, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական բիզնեսով, կստանան ավելի երկարատև, երկար հորիզոն՝ ներդրումների պլանավորման համար, ինչի  մասին բազմիցս խնդրել են ագրարային ընկերությունները»,- հայտարարել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել էր, որ G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Ռուսաստանի հարցով «Յոթնյակը» համաձայնել է հունիսին երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է Քեմերոնը Ճապոնիայում՝ G7-ի գագաթաժողովի շրջանակում հանդես գալով մամուլի ասուլիսով:

Բրիտանացի քաղաքական գործիչը նշել է, որ սահմանափակումները կշարունակվեն մինչև Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործումը:

Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Յոթնյակի» հայտարարությունն անվանել էր «աբսուրդային»: Դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվան ուկրաինական կոնֆլիկտի կողմ չէ:

Ռուսաստանի դեմ սահմանափակումների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը ԵՄ-ն քննարկելու է հունիսի 28-29-ը կայանալիք գագաթաժողովի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս