«Եթե Սամվել Բաբայանն ինչ-որ զինվորական գործողություններում եղել է հաջողակ, ապա ինքը կարող է իր ծառայությունները տվյալ ոլորտում առաջարկել»

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան ներքաղաքական որոշ շրջանակներում լայն քննարկման թեմա է դարձել՝ առաջացնելով մի շարք հարցեր. ինչո՞ւ նա այսքան ժամանակ դրսում ապրելուց հետո վերադարձավ, ո՞վ է նպաստել նրա վերադառնալուն, ի՞նչ կարող է նա անել ԼՂՀ-ում այս ընթացքում, այն դեպքում, երբ որևէ լծակ չունի, և այլն: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե նա ի՞նչ կարծիքի է Սամվել Բաբայանի վերադարձի մասին, ու ըստ Հայրիկյանի՝ ո՞վ է օգնել պաշտոնաթող գեներալին վերադառնալ. Ռոբերտ Քոչարյանի՞ թիմը, թե՞ Սերժ Սարգսյանի:

ԱԻՄ առաջնորդը, ի պատասխան 168.am-ի հարցադրման, ասաց. «Իր վերադառնալն արգելված չի եղել, նա բանտից ազատվելուց հետո նույնիսկ կուսակցական գործունեություն ծավալելու փորձ էր կատարում, դա էլ եմ հիշում: Ինչ վերաբերում է իր գնալ-գալուն, ապա պարտադիր չէ, որ որևէ մեկը նրան աջակցի, բայց կարող է՝ նաև աջակցողներ էլ լինեն, չեմ բացառում: Հայաստանի քաղաքական կյանքում, նկատի ունեմ նաև Արցախը, ներառված լինելու համար պետք է ինչ-որ ժամանակ գործունեություն ծավալես, համակիրների թիմ ստեղծես, դրա իրավունքը որևէ մեկը չի կարող սահմանափակել»:

Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ չգիտի՝ Բաբայանն Արցախում ինչ կարող է անել.

«Եթե կանի, ուրեմն կարող է անել: Ցանկացած հայ մարդու անհրաժեշտություն կա, բայց ամեն մեկինը՝ իր տեղում: Եթե Սամվել Բաբայանն ինչ-որ զինվորական գործողություններում եղել է հաջողակ, ապա ինքը կարող է իր ծառայությունները տվյալ ոլորտում առաջարկել. կընդունեն կամ չե՞ն ընդունի՝ արդեն օրվա պատասխանատուներից է կախված: Ես կանխատրամադրվածություն չունեմ: Կանխատրամադրվածություն ունեմ, եթե մարդը դատված է, տվյալ պահին հանցագործ է ճանաչված: Ինքն իր ժամկետը կրել-անցել է, այն գործողությունը, որի մեջ ինքը մեղադրվում էր՝ ահաբեկչություն, ինձ համար անթույլատրելի է, բայց մյուս կողմից՝ ինքն էլ դա մերժում է: Հիմա դրա համար մենք նայում ենք այսպես՝ նա իրավահավասար հայ է, ու իրավահավասար հայը կարող է անել այն, ինչ նաև ես եմ անում, նա դրա իրավունքն ունի»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս