Բաժիններ՝

Հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը

Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիներ մայիսի 27-ին կտոնեն վերջին զանգը: Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Ուղիղ հիսուն օր առաջ վտանգված էր մեր վերջին զանգը, իսկ մեր հերոսների, հայ զինվորների կյանքի գնով այսօր մենք այն նշում ենք: Վաղը հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը եւ կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք, որպես լոսավոր հարվ երժություն մեր հերոսներին»,-նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Նրա խոսքով` դպրոցներում միջոցառումները լինելու են բազմաբնույթ:

Անդրադառնալով այս օրերին դրամահավաքների կազմակերպմանը` Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ մինչ այժմ ստացվել է 15 ահազանգ, որոնք, ըստ նրա, անանուն էին:

Կարդացեք նաև

«Մեր կատարած ուսումնասիրությունները, տնօրենների հետ զրույցները ցույց են տվել, որ սա իսկապես հենց ծնողների կազմակերպած վերջին զանգն է, խնդիրըները նրանք են տնօրինում: Վերջերս նույնիսկ զանգեր են եղել, որոնց ընթացքում ծնողներն ասել են, որ մենք իրավունք չունենք խանգարել իրենց վերջին զանգին, դա իրենցն է եւ իրենց երեխաներինը»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Վերջերս «Transparency international» հակակոռուպցիոն կենտրոնը հստակ փաստերով դիմել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին՝ դպրոցներում ապօրինի գործելաոճի դեմ միջոցներ ձեռնարկելու եւ դրանք կանխելու խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, կենտրոնի ստացած ահազանգերի մասին էր: Քաղաքացիները բարձրաձայնել էին դպրոցներում դրամահավաքների կազմակերպման, ինչպես նաեւ քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ նախապատրաստելու խնդիրների մասին:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետը խնդրի առնչությամբ նշեց, որ տվյալ փաստերը հստակ չէին:

«Նախարարն այդ տնօրենների հետ նույնպես զրույց է ունեցել, որտեղ, համաձայն տնօրենների բացատրության, իսկապես վերջին զանգի բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները: Այն, որ որոշակի գումարներ հավաքվում են երեխաների վերջին զանգի կազմակերպման համար, դա վկայում են տնօրենները, բայց դա կազմակերպվում է ծնողների կողմից, ծնողների եւ երեխաների ցանկությամբ:

Եթե երեխան գնում է խնջույքի, որտեղ մասնակցում են նաեւ նրա ծնողները, ապա այդ գումարը մեծանում է: Այնտեղ կան որոշակի գոմարներ, ծաղիկներ, լուսանկարներ. մի խոսքով, հարցեր եւ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ եղել են եւ կազմակերպվել ծնողների կողմից»,- ասաց նա` հավելելով, որ վաղը ոստիկանությունը աշխատելու է թե՛ Ազատության հրապարակում, թե՛ խնջույքների անցկացման վայրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս