Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Թուրքիայում պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու մասին որոշմամբ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Ջորջ Լինքն իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխության առաջարկի կապակցությամբ, որը թույլ է տալիս վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Վերջիններիս կարծիքով՝ դա խաթարում է երկրում խորհրդարանական կյանքի բազմակարծությունը:

«Պատգամավորներին անձեռնամելիությունից զրկելը, որը պատգամավորների ազատ գործելու երաշխիքն է՝ առանց վախենալու գործադիր և դատական իշխանության կողմից հետապնդումների ենթարկվելուց, ռիսկի տակ է դնում Թուրքիայում իշխանությունների տարանջատումը` վնասելով երկրի խորհրդարանական կյանքի բազմակարծությունը»,- ասված է Լինքի և Կաներվայի հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Լինքի խոսքով՝ Թուրքիան ԵԱՀԿ 56 երկրների հետ պարտավորվել է աջակցել քաղաքական բազմակարծությանը և քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ իրավական երաշխիքներ, որպեսզի նրանք մրցեն ﬕմյանց հետ՝ օրենքի և իշխանությունների առաջ հավասարության սկզբունքի հիման վրա»,- նշել է Լինքը:

Նրանք կոչ են արել Թուրքիայի իշխանություններին աջակցել ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունման օգտին քվեարկել է 550 խորհրդարանականներից 376-ը:

Օրենքի ընդունման օգտին հանդես էր գալիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որին աջակցում է Էրդողանը: Դեմ էր հանդես գալիս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, որը կարծում է, որ իր պատգամավորների մեծ մասին կզրկեն անձեռնմխելիությունից ու կենթարկեն քրեական հետապնդման՝ կապված այն բանի հետ, որ կուսակցությունը, ըստ Թուրքիայի իշխանությունների, աջակցում է «Քրդական աշխատավորական» կուսակցությանը:

Ավելի վաղ օրինագծի քննարկման փորձերը Թուրքիայի խորհրդարանում վերածվել էին ծեծկռտուքի իշխող և քրդամետ կուսակցությունների անդամների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս