Մահմեդականները տարեկան 1,8 տրլն դոլար են ներդնում իսլամական բանկերում
Իսլամական բանկերն ավելի արագ են զարգանում ավանդական բանկերից, մահմեդականները տարեկան 1,8 տրիլիոն դոլար են ներդնում իսլամական բանկերում: Այս մասին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի փոխնախարար Աբդուլա ալ Սալեհը Կազանում կայացած գագաթնաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Իսլամական տնտեսությունը զարգանում է կայունորեն, մեր իսլամական բանկերը զարգանում են ավելի արագ, քան ավանդական բանկերը,- ասել է փոխնախարարը:- Մահմեդականները տարեկան 1,8 տրիլիոն դոլար են պահ տալիս իսլամական բանկերին, դա վկայում է, որ կան իսլամական դրամագործության զարգացման մեծ հեռանկարներ»:
Ինչպես գագաթնաժողովում նշել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, «այսօր իսլամական ֆինանսավորման հատվածն ամենաարագ զարգացողներից մեկն է աշխարհում, դրա տարեկան աճը կազմում է 15-20 տոկոս»:
Իսլամական բանկինգը գործում է իսլամական տնտեսական սկզբունքների պահպանմամբ: Կրոնը մահմեդականներին արգելում է զբաղվել վաշխառությամբ, ուստի իսլամական բանկերը տոկոսով փող չեն տալիս: Կազմակերպություններն ուղղակիորեն եկամուտներ են ստանում այն գործարար-ծրագրերի շահույթից, որոնցում միջոցներ են ներդնում: