Հայկական GiftsApp-ը կօգնի նվերներ ընտրել ու փոխանցել

168.am-ը շարունակում է ներկայացնել ամենահետաքրքիր և հաջողակ հայկական ստարտափները: Ձեզ ենք ներկայացնում նվերներ ընտրելու և փոխանցելու հեղափոխական մի տարբերակ՝ հայկական GiftsApp հավելվածը:

Մեզանից շատերն են բախվել խնդրի հետ, երբ նվեր ընտրելը դարձել է իսկական գլխացավանք: Այս խնդրի լուծման համար ստեղծվել է GiftsApp հավելվածը, որը նոր խոսք է նվերներ մատուցելու մշակույթում: Հավելվածն իր գաղափարով եզակի է աշխարհում: Իհարկե, նվերներ ընտրելու և փոխանցելու ծրագրեր շատ կան, բայց դրանք ոչ լիարժեք են գործում: Հայկական հավելվածն ամբողջական է և թույլ է տալիս ընտրել նվեր, փոխանցել ընկերոջը, ինչպես նաև՝ իմանալ նրա կարծիքը նվերի մասին՝ թե՛ այն գնելուց առաջ, և թե՛ փոխանցելուց հետո:

GiftsApp-ը թույլ է տալիս նվերներ ընտրել և փոխանցել ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ դրսում: Նախագծի հեղինակները նշում են, որ հիմնական թիրախն ԱՄՆ-ի շուկան է, սակայն հետագայում նպատակ կա հավելվածը հասանելի դարձնել նաև ողջ աշխարհում:

Հավելվածից օգտվելու համար պետք է կատարել մի քանի պարզ քայլեր: Գրանցումից հետո հավելված են բեռնվում հեռախոսում գրանցված բոլոր օգտատերերի տվյալները, ինչը թույլ է տալիս ավելի արագացնել նվերը փոխանցելու գործընթացը:

Կարդացեք նաև

photo_201212_f54a08db5

Նվերներ առաջարկող խոշոր ընկերությունների ցուցակից ընտրելով նվերը՝ դուք կարող եք նշել նվերը ստացող ընկերոջ որևէ տվյալ՝ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, սոցցանցերի հաշիվները, և ընկերը կստանա հաղորդագրություն նվերի մասին: Նշելով հասցեն՝ նվերը կառաքվի անմիջապես բնակարան:

Հավելվածի միջոցով կարող եք նաև հասկանալ, թե ինչպիսի նվերի մասին է երազում ձեր ընկերը: Մեկնաբանությունների, ապրանքների մասին գրված կարծիքներից ելնելով՝ կարող եք հասկանալ, թե որ նվերն իդեալական կլինի ձեր ընկերոջ համար: Նվերը ստանալուց հետո հնարավոր է նաև կարծիք հայտնել նվերի մասին՝ շնորհակալություն հայտնելով նվերը փոխանցողներին:

Հավելվածի հեղինակները, որպես առավելություն, նշում են այն փաստը, որ հավելվածը վաճառում է ոչ թե՝ թվային, այլ՝ իրական ապրանքներ:

Շատերը սիրում են նվերներն անձամբ փոխանցել, որպեսզի կարողանան զգալ դիմացինի ուրախությունը և էմոցիաները: Հավելվածի հեղինակներն այս մասին ևս մտածել են: Նվերը մատուցողի և ստացողի միջև կա ինտերակտիվ կապ՝ տեսաձայնագրությունների, մեկնաբանությունների բաժիններում:

Ասում են, որ լավագույն նվերը գումարը փոխանցելն է: Հավելվածի հեղինակներն առաջարկում են նաև այդ տարբերակը: Եթե երկար ժամանակ առաջարկվող նվերներից չեք կարողանում ընտրել որևէ մեկը, ապա կարող եք էլեկտրոնային նվեր-քարտ փոխանցել: Քարտը սահմանափակ չէ և դրանից կարող եք օգտվել առաջարկվող բոլոր խանութների տեսականիներից: Եթե քարտ ստացողը չի ուզում գնել նվեր, ապա գումարը, առանց որևէ պահումների, վերադարձվում է ձեզ:

Եթե նվերը դուր չի գալիս ստացողին, նա կարող է փոխանակել մեկ այլ նվերով՝ ըստ ցանկության:

Հավելվածի բետա տարբերակն արդեն ներկայացվել է Միացյալ Նահանգներում: Այս տարի նախատեսվում է թողարկել հավելվածն iOS օպերացիոն համակարգի համար:

Տեղեկացնենք նաև, որ GiftsApp-ը Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում ստացել է 50 տոկոս համաֆինանսավորում:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս