Վահան Բաբայանը ներկայացրեց Ռեֆորմիստների կուսակցության ծրագիրը

Ռեֆորմիստների կուսակցությունը ստեղծվում է Հայաստանի ժողովրդին ծառայելու, նրա պատմական նվիրական իղձերի իրականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու, ինչպես նաև քաղաքացիների բարեկեցության համար պայքարելու նպատակով։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ ներկայացնելով իր կողմից ստեղծվելիք կուս ակցության ծրագրերին: «Ռեֆորմիստների ձգտումն է՝ Հայաստանը դարձնել աշխարհի քաղաքակիրթ և զարգացած երկրներից մեկը՝ միավորելով աշխարհասփյուռ հայերին Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Ռեֆորմիստները մերժում են բոլոր տիպի արկածախնդրությունները, ցնցումները, երկրի ներքին կայունությանը խոչընդոտող բոլոր դրսևորումները։ Ռեֆորմիստական կուսակցությունը պետականամետ քաղաքական ուժ է և ուղենշում է բարեփոխումների միջոցով երկրի զարգացման ճանապարհը»,- նշեց Բաբայանը։

Նա հավելեց, որ Ռեֆորմիստների կուսակցության անդամներին միավորում են հավասարության ,համերաշխության և փոխօգնության սկզբունքները։ «Մենք մերժում ենք ծայրահեղականությունը՝ մեր գաղափարները խարսխելով քրիստոնեական, համամարդկային արժեքների վրա։ Ռեֆորմիստները կողմ են տնտեսության զարգացմանը, որտեղ կարգավորիչ դեր ունի պետությունը և խրախուսում են Հայաստանի գիտական ներուժի օգտագործումը երկրի անվտանգության և տնտեսության զարգացման գործում։

Ռեֆորմիստների կուսակցությունը կարևորում է ինչպես քաղաքացիական համերաշխության, այնպես էլ երկրի ղեկավարի ինստիտուտին աջակցելու գաղափարը: Ժողովրդավարական արժեքներին ձգտելով՝ մենք մնում ենք հավատարիմ մեր ազգային նկարագրի պահպանմանը և ավանդույթների շարունակմանը՝ Հայաստանի զարգացման հիմնական գրավականը համարելով կայունությունը»,- ասաց պատգամավորը։

Վահան Բաբայանն Ազգային ժողովի ամբիոնից բոլորին կոչ արեց միանալ Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խմբին՝ նշելով, որ իրենց դռները բաց են բոլորի առաջ:

Տեսանյութեր

Լրահոս