ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մայիսի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի «Ciudadanos» կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հյուրի խնդրանքով հանդիպման ընթացքում փոխնախարար Նազարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին: