
Վիեննայի բանակցությունները լավ հնարավորություններ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մամեդյարով

Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում փուլային մոտեցման հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններ վարելու համար:
Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ամփոփելով Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կայացած բանակցությունների արդյունքները:
Մամեդյարովն ասել է, թե տվյալ բանակցությունները պետք է ընթանան որքան հնարավոր է արագ ու արդարացնեն տարածաշրջանում բնակվող մարդկանց և միջազգային հասարակության հույսերը:
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: