Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացնում է Անկարայում կազմակերպվելիք ահաբեկչությունների մասին
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացնում է մայիսի 19-ին Անկարայում հնարավոր ահաբեկչությունների մասին: Այդ օրը Թուրքիայում նշվելու է ազգային տոն՝ Սպորտի և երիտասարդության օրը, հայտնում է Habertürk պորտալը:
Հատուկ ծառայություններում աղբյուրը հայտնել է, որ թուրքական հետախուզությունը նախազգուշացրել է իշխանություններին, որ ԴԱԻՇ-ի 10 զինյալ է երկիր ներթափանցել Սիրիայից հարավարևելյան Գազիանթեփ նահանգից ու պլանավորում է 10 ահաբեկչական հարձակում իրականացնել մեգապոլիսներում, մասնավորապես Անկարայում, որտեղ ենթադրյալ թիրախ կարող են դառնալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը, ԱՄՆ դեսպանությունն ու զորամասերից մեկը:
Միաժամանակ, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է տեղեկությունները, թե մայիսի 19-ին Աթաթուրքի դամբարանը փակվելու է:
Թուրքական հետախուզության տեղեկություններով՝ մայիսի 19-ին երկրում ահաբեկչություններ են նախապատրաստում նաև «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները: