Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովն անբռնազբոս շփվում, ծիծաղում էին, իսկ Ալիևը… «ՀԺ»

Երեկ Երեւանի ժամանակով 23.00-ին Վիեննայում՝ «Բրիստոլ» հյուրանոցի սրահներից մեկում մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Այս հանդիպումը հսկայական նշանակություն է ունենալու այն հարցում, թե ինչպես կշարունակվի ղարաբաղյան հակամարտությունը`բանակցային ճանապարհով, թե պատերազմով: Այն տեղի է ունենում ապրիլի լույս 2-ին վերսկսված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համառ միջնորդության արդյունքում: Միայն նշենք, որ ՀՀ նախագահական նստավայրը մինչեւ վերջին պահն այդպես էլ չհաստատեց, որ Վիեննայում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ալիեւի հետ: Շաբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ ընդամենը ասվում էր, որ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին մեկնելու է Ավստրիա, որտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Նշված աշխատանքային հանդիպումները սկսվեցին Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումով: Այնուհետեւ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահական պատվիրակության հետ Ավստրիա մեկնած լրագրողները դեպքի վայրից հաղորդում էին, որ մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներից է կախված՝ կկայանա՞ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, թե ոչ: Նախագահական նստավայրի հաղորդագրության համաձայն, Քերիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Սարգսյանը հույս է հայտնել, որ համանախագահող երկրները նույնպիսի հետեւողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Գրեթե նույնն է եղել նաեւ Մոգերինիի հետ հանդիպման բովանդակությունը: Հայկական կողմը կարեւորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ: Ջոն Քերին եւ ֆեդերիկա Մոգերինին առանձին հանդիպումներ ունեցան նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Առանձին հանդիպեցին նաեւ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը նախապես ներկայացրել էր Վիեննայում Քերիի հանդիպումների ժամանակացույցը, որտեղ մոտ մեկուկես ժամ հատկացված էր ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, 20-ական րոպե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներին եւ նշված էր, որ Երեւանի ժամանակով 23.20-ին Քերին մասնակցելու է Ղարաբաղյան հակամարտության հարցով հանդիպման: Հանդիպումները փաստորեն ավելի արագ ընթացան, քան նախատեսել էր ամերիկյան կողմը եւ վերջին`մեծ կազմով հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության հարցով, սկսվեց 20 րոպե շուտ:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Անմիջապես հանդիպման պահին ՀՀ նախագահի խոսնակի տարածած լուսանկարում երեւաց, թե ինչպես են սեղանի շուրջ տեղավորվել մասնակիցները: Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով  ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց: Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները համապատասխանաբար իրենց երկրների ԱԳ նախարարների կողքին էին:

Ավելի ուշ նաեւ տեսագրություն հայտնվեց հանդիպումից առաջ արարողակարգային նկարահանումներից: Այստեղ երեւում է, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովն անբռնազբոս շփվում, ծիծաղում, մի պահ նույնիսկ Սարգսյանը գլխի արհամարհական շարժումով Ալիեւի կողմն է ցույց տալիս, որից հետո երկուսով կրկին ծիծաղում են` այնպես, ինչպես վայել է իսկական «ռազմավարական դաշնակիցներին»: Այդ նույն ժամանակ Էլմար Մամեդյարովը անկանոն շարժումներ է անում, իսկ Իլհամ Ալիեւը նստած է, եթե հնարավորինս մեղմ արտահայտվենք` դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս