Վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը
62-ամյա Ա.Ս.-ն չէր կարող պատկերացնել, որ ձայնի խզվածությունը ոչ թե մրսածության կարճատև հետևանք է, այլ ծանր հիվանդության նախանշան:
Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ այսօր մասամբ վերականգնվել է 62-ամյա կնոջ ձայնը, ինչպես նաև ազատ է շնչառության բնականոն ճանապարհը:
Այս վիրահատական միջամտության առանձնահատկությունն այն է, որ կոկորդի չարորակ նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց մոտ, իսկ այս դեպքում հիվանդը կին է:
Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա ընթացքում կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման:
Վիրահատությունը կատարվել է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել:
«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնեց բժիշկը:
Նրա խոսքով` հետաքրքրական էր նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն նման ախտորոշում ունեցող մյուս հիվանդների, այս կինը չի ծխել: Ներկայումս հիվանդը առողջացմամբ դուրս է գրվել բժշկական կենտրոնից, կարողանում է ինքնուրույն շնչել: Գտնվում է մասնագետների դինամիկ հսկողության ներքո:
Հատկապես կանանց բժիշկը խորհուրդ է տալիս ձայնում խռպոտության նշանների առկայության դեպքում դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության` հետագա բարդություններից խուսափելու նպատակով:
«Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ այս կենտրոնում կատարվում է տարեկան շուրջ 50 վիրահատություն: