EIF-ի և IBM-ի կողմից անցկացվող մրցույթի հաղթողը կստանա 120 հազար դոլարին համարժեք դրամական մրցանակ
Նորարար գաղափարներ առաջարկող սկսնակ թիմերի համար նախատեսված աքսելերացիոն մրցույթը` IBM ISTC Startup Challenge-ը, բնականոն ընթացքի մեջ է: IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմեր, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով: Այն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) համագործակցությամբ:
Մրցույթի նպատակն է խթանել ինովացիայի զարգացումը Հայաստանում, աջակցել սկսնակ ընկերություններին և թիմերին` իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու հարցում:
Ապրիլին թիմերի համար իրականացվել են 4 սեմինարներ հետևյալ բովանդակություններով՝ բիզնես գաղափարի ձևավորում և զարգացում, բիզնես Կանվաս և ֆինանսական հիմունքներ, գաղափարի ներկայացում և ստարտափի բրենդավորում։ Թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական մենթորություն հայաստանյան մասնագետների կողմից: Բացի այդ 3-4 լավագույն թիմերի կտրամադրվի անհատական տեխնիկական մենթորություն IBM Watson Europe մասնագետների կողմից։ Մրցույթը տևելու է 10 շաբաթ: Հունիսի սկզբին տեղի կունենա Demo Day, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը:
Մրցույթի արդյունքում 2 լավագույն թիմեր կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, իսկ 1 թիմի կտրամադրվի 120 հազար դոլարին համարժեք դրամական մրցանակ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։ Ինչպես նաև լավագույն թիմերին կտրվի հնարավորություն շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (կենտրոնը կհանձնվի շահագործման հուլիսին):
IBM ISTC Startup Challenge մրցույթը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից սկսնակների աջակցման նախագծերից մեկն է, որին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը, և սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը:
2002 թվականից սկսած` իր հիմնադրման առաջին իսկ օրից, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն աջակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, նպաստում ինովացիաների զարգացմանը Հայաստանում։ 14 տարիների ընթացքում իրականացվել են ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունների ստեղծմանը նվիրված բազմաթիվ ծրագրեր: