«Մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան». Արծրուն Հովհաննիսյան
«Ուսումնասիրել ենք այդ դեպքը, մանրամասն Ձեզ չեմ կարող ասել, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով երգիչ Արմենչիկի՝ զինծառայողներին կոնֆետներ բաժանելու մասին:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ այդտեղ որևէ քրեական, հանցավոր բան չկա. «Մի քիչ անփութություն է տեղի ունեցել, որի համար հրամանատարությունը համապատասխան զգուշացում է ստացել»:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ այն զորահրամանատարին, որին Սամվել Ալեքսանյանը մեքենա էր նվիրել, աշխատանքից ազատել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնարավոր է, բայց ինքը չի կարող մեկնաբանել առանձին ազատումները և նշանակումները:
Հարցին, թե՝ այս պահին ունե՞ք ինֆորմացիա՝ ե՞րբ կհասնի Հայաստան այդ 200 միլիոն վարկի զենքը, Ա. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Զենքի ձեռքբերման գործընթացը մշտական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի տարբեր ձևի, բնույթի զենք-զինամթերք, ռազմական նշանակության կառավարման և այլ համակարգեր չներկրենք, դա մշտական գործընթաց է: Ես չեմ կարող ասել առանձին՝ 200 միլիոնից ի՞նչ է բերվել, ի՞նչ է բերվելու. մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան»: