«Շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն». «Կոմերսանտ»

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները: Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Նշվում է, որ բանակցություններին ներկա են լինելու նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն։

Ավելի վաղ դիվանագետները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Նրանց կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է, որպեսզի «ամրապնդվի հրադադարի ռեժիմն ու համաձայնություն ձեռք բերվի վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների նկատմամբ»։

Ալիևն ու Սարգսյանը պետք է լսեն Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի կարծիքը, նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։

Կարդացեք նաև

«Այդ հանդիպումը հաստատում է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների համատեղ ձգտումը՝ անել այնպես, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումն ընթանա բանակցությունների շրջանակում։ Նրանք գիտակցում են Մինսկի խմբի համանախագահների ազդեցությունն աշխարհում և այդ իսկ պատճառով դժվար թե պատրաստ լինեն ինչ-որ գործողություններ ձեռնարկել՝ առանց Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ համաձայնեցման։ Եվ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի փաստարկներին, կարծում եմ, անհրաժեշտ կլինի լսել»,- կարծում է Ժարիխինը։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կտրուկ սրվեց 2016 թվականի ապրիլի 2-ին: Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են տարածաշրջանում հրադադարի խախտումների մեջ:
Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երևանի հակամարտության հիմքում ընկած են բազմամյա հակասությունները, վստահ է Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը։

«Շատ կարևոր է, որպեսզի երկու նախագահները հանդիպեն։ Տեսնենք, թե ինչպես նրանք միմյանց հետ կշփվեն, կսեղմե՞ն արդյոք միմյանց ձեռք, և այդպես շարունակ: Այդ մանրուքները երբեմն շատ բանի մասին են վկայում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է ինչ-որ հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար։ Դա հերթական, ընդհանուր առմամբ, ոչ վատ առիթ է, որպեսզի և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը միասնական մոտեցում ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցերի նկատմամբ»,- հայտարարել է Խոմյակովը:

Առաջին հերթին՝ ԼՂ հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված են Մոսկվան և Վաշինգտոնը, նշել է Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը։

«Բախումների դադարեցման համար հիմք կա: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա այն, իհարկե, այնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ էր։ Դա շատ լուրջ խառնում է խոշոր խաղացողների խաղաքարտերը՝ թեկուզ հենց այն պատճառով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է հավելում լինել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Դա անցանկալի կլիներ, և այն կարող է հարուցել դոմինոյի ազդեցություն։ Կողմերը փորձում են ամենից առաջ դրանից խուսափել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Բրուտերը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:

Միաժամանակ, հարցվածների ավելի քան 40 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանն այդ գործընթացում պետք է հանդես գա՝ որպես միջնորդ կողմ:

Տեսանյութեր

Լրահոս