«Հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանն ինչ-որ մեկին հայհոյել է. լավը տեսեք, դրականը տեսեք». Վահրամ Բաղդասարյան

«Վահան Բադասյանը պետք է զգույշ արտահայտվի Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելուց»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի այն հայտարարության մասին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմական տարիներին Արցախում զբաղված է եղել թալանով:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն և իմանան` ում մասին ինչ հայտարարություն են անում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց ծանոթանալ գեներալ Մ. Գրիգորյանի ռեժիմին այս ապրիլյան պատերազմից հետո. «Առավոտից իրիկուն նրա քնելաժամանակն օրական 3-4 ժամ է, և նա կարգավորում է բոլոր խնդիրները: Նա երիտասարդացել է, հիշել է 90-ականները և պայքարում է»:

Հիշեցնենք, որ ըստ Վ. Բադասյանի՝ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել և հայհոյել է զինվորականներին, ովքեր մեքենայով անցնելիս են եղել նույն ճանապարհով, որով անցնում էր Մ. Գրիգորյանը:

Ըստ Վ. Բաղդասարյանի՝ նման բան լինել չէր կարող. «Ես խնդրում եմ՝ ձեռնպահ մնացեք: Արդեն սկսել ենք քննադատել այն մարդկանց, որոնք որ այս օրերին պիտանի են: Արդեն սկսել ենք այդ մարդկանց քննադատել, որպեսզի իրենց էլ նեղացնենք: Մանվել Գրիգորյանը նեղացող չէ, նրա ամենաբարձր շահն իր երկրի խաղաղությունն է: Նա որևէ հայտարարությունից չի կարող նեղանալ և վերադառնալ»:

Կարդացեք նաև

Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ այս օրերին պետք է միայն դրականը տեսնել. «Հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանն ինչ-որ մեկին հայհոյել է: Լավը տեսեք, դրականը տեսեք: Գնացեք մի հատ ուսումնասիրեք Մանվել Գրիգորյանյանի առօրյան»:

Տեսանյութեր

Լրահոս