Ադրբեջանի Քունկ ֆուի հավաքականը ոչ սպորտային պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից
Հայաստանի քունկ ֆուի ֆեդերացիան սույն թվականի մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկներով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի քունկ ֆուի բաց առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակիցներ: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից: Ծեծկռտուքի ժամանակ տուժել է նաև Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկին, ով իր մարմնով ազերիների հարձակումներից փակել ու պաշտպանել է 14-ամյա Արսեն Բաղիրյանին:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ֆեդերացիայի նախագահ և ավագ մարզիչ Սարգիս Հարությունյանի, փոխնախագահ Արմեն Հարությունյանի, ֆեդերացիայի անդամների, համակիրների, մարզիկների ծնողների և տեղի հայ համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ ունենք հետևյալ արդյունքները.
Հայկ Խաչիյան – ոսկի
Աշոտ Հարությունյան – ոսկի
Դավիթ Կասումյան – ոսկի
Հայկ Օհանյան – ոսկի,
Տիգրան Շաբոյան – ոսկի
Արսեն Բաղիրյան – ոսկի
Դավիթ Պետրոսյան – արծաթ
Ալբերտ Թորոսյան – արծաթ
Արտակ Գրիգորյան – բրոնզ
Հայաստանի քունկ ֆուի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից և Լվովի հայ համայնքից օպերատիվ և ակտիվ օժանդակության համար: