«Առաքելություն» կուսակցության առաջարկները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ
«Առաքելություն» կուսակցությունը բազմիցս հայտնել է իր մտագոհությունը կոռուպցիայի մակարդակի, ստվերային տնտեսության ծավալների վերաբերյալ` փաստելով, որ կառավարության գործունեությունը չի նպաստում նշված խնդիրների լուծմանը: Կառավարություն կողմից իրականացվող միջոցառումները կրում են հիմնականում մակերեսային բնույթ` հաճախ էլ ավելի մեծացնելով առկա խնդիրները:
Կուսակցությունը, վերահաստատելով իր կողմից պարբերաբար ներկայացվող առաջարկները տնտեսության առկա խնդիրների վերաբերյալ, կրկին անգամ ներկայացնում է կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային տնտեսության դեմ պայքարի համար անհրաժեշտ կոնկրետ գործողությունների առաջարկներ, որոնք իրենց մեջ պարունակում են օրենսդրական հստակ լուծումներ` առանց մաղթանքների և ցանկությունների:
Նշված առաջարկները ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի էապես կրճատել կոռուպցիայի ծավալները` հնարավորություն ստեղծելով տնտեսության իրական զարգացման համար:
- Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
- ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածի վավերացում՝ այդ հոդվածին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի պաշտոնյաների ունեցվածքի արժեքը չի կարող գերազանցել պաշտոնական եկամուտները` ներառելով նաև պաշտոնյանների ընտանիքի անդամներին,
- ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
- Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջեներ,
- Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,
Կուսակցությունը առաջիկայում հանդես կգա նշված առաջարկների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
14.05.2016թ.