4car. հայկական ստարտափը կհեշտացնի ԱՊՊԱ համակարգում գրանցումը

4car հայկական ստարտափը վարորդական համապարփակ հարթակ է, որը «մեկ պատուհանով» ներկայացնում է վարորդներին անհրաժեշտ կարևորագույն ծառայություններն ու պրոդուկտները: Հարթակի հիմնական ֆունկցիան «բջջային ծանուցման համակարգն» է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին բջջային հաղորդագրության տեսքով ստանալ երթևեկության և կայանման խախտումների ակտերը, ավտոմեքենայի հարկերը և այլ պետական ծանուցումներ, և անմիջապես վճարում կատարել:

Մրցակցային լուրջ առավելություն ապահովող այս ֆունկցիայից բացի, օգտատերերին առաջարկվում են այնպիսի ծառայություններ, ինչպես ապահովագրության և կայանատեղիների առցանց 3 գնումը, այլ վարորդներին հաղորդագրություն ուղարկելը՝ իմանալով միայն պետհամարանիշը, ավտոկառավարման համակարգի ստեղծումը/ծանուցումներ տեխզննման, ավտովարկի վճարման, յուղի փոխման և այլ անհրաժեշտությունների մասին, և այլն: Հարթակի օժանդակ բաժիններն առաջարկում են նաև ծավալուն ավտոշուկա, ճանապարհային ինտերակտիվ քարտեզ, ավտոդպրոց և ավտոնորություններ:

4car.am-ն իր գրանցված օգտատերերին առաջարկում է հեշտացնել անգամ ամենատարրական թվացող խնդիրները: Օրինակ՝ մեքենան կայանման կետից հանելիս, խանգարող մեքենային սպասելու փոխարեն, կարող եք հաղորդագրություն ուղարկել՝ նշելով մեքենայի համարանիշը, և խանգարող մեքենայի տերը կստանա ձեր ուղարկած հաղորդագրությունը:

13094306_1018573504864050_3901366599340448816_n

Կարդացեք նաև

Կայքի միջոցով հնարավոր է նաև անմիջապես ստանալ ձեր կատարած խախտման մասին ողջ տեղեկատվությունը:

Կայքում գրանցվելն անվճար է: Վճարներ պետք է կատարել միայն ուղարկված հաղորդագրության համար:

Նախագիծը գործում է արդեն 2 տարի, և, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց 4car-ի ներկայացուցիչներից Լևոն Ֆրանգուլյանը, օգտատերերի մեծ մասը կատարում է զանգեր միայն շնորհակալություն հայտնելու համար:

«Շատ են զանգահարում՝ ասելով, թե՝ շնորհակալ ենք, որ հիշեցնում եք տուգանքների մասին: Այս միջոցով մարդիկ արագ վճարում են տուգանքները և ստիպված չեն լինում հետո վճարել հավելավճարներ»:

4car.am-ը պարբերաբար հանդես է գալիս նորություններով: Կայքում ներդրվում են նորամուծություններ, որոնք, ըստ էության, պետք է մի քանի անգամ հեշտացնեն վարորդների գործը: Լևոն Ֆրանգուլյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կայքի գլխավոր նորամուծությունն ապահովագրական համակարգում գրանցումը մի քանի անգամ հեշտացնող ընդլայնումն է:

«Մեր կայքից օգտվողները կայքի միջոցով կարող են ապահովագրել մեքենան: Այսինքն, մենք մի քանի քայլ հեշտացնելու ենք այս գործընթացը: Ամեն ինչ դառնալու է մեքենայական և առանց առերես, կանխիկ գործարքների»,- նշեց Լևոն Ֆրանգուլյանը:

Բացի այդ, կայքն իր գրանցված օգտատերերի համար մտածել է նոր ակցիա, որը կոչվում է՝ «Հրավիրիր ընկերոջդ»: Ակցիան կտևի մեկ ամիս: Գրանցված օգտատերերը պետք է հրավիրեն իրենց ընկերներին՝ գրանցվելու կայքում: Որոշակի քանակի լրանալուն պես հրավիրող օգտատերերը կստանան թանկարժեք նվերներ:

4car.am-ը ստացել է դրամաշնորհ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` Համաշխարհային բանկի և ՀՀ Էկոնոմիակայի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: Դրամաշնորհն օգտագործվել է ծառայությունների բազան ընդլայնելու և նոր տեխնիկա ձեռք բերելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս