Թե՞ պետք էր ուղարկել, որ մի քանիսն էլ կեսն արանքում ուտեին. Արմենչիկի ընկեր. «ՀԺ»
Հայաստանյան հանրությունը երեկ հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդարչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»: Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի հրամանատարություն, որի թույլտվությամբ ու հրահանգով միայն կարող էր կազմակերպվել այդ արարողությունը:
ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Արմեն Գոնդարչյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Կապ հաստատեցինք մոսկովյան Euromusic Entertainment ընկերության գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ, որը Արմեն Գոնդարչյանի ընկերն է, միասին համերգներ են կազմակերպում: Երգչի վերջին մոսկովյան համերգը նույնպես Տարոն Պողոսյանն է կազմակերպել, որից ստացված հասույթից էլ նա բարեգործություն էր արել:
– Տարոն, համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութն այս օրերի՞ է, ո՞ր զորամասում է նկարահանվել, նախնական պայմանավորվածություն, թույլտություն եղե՞լ է Պաշտպանության նախարարության հետ՝ այդպես աջակցելու զինվորներին:
– Արմենը հիմա Ղարաբաղում է: Չեմ կարող ասել՝ որ զորամասում էր, բայց կարծեմ Հադրութում էր: Ուղղակի ապրիլի 30-ին Մոսկվայում համերգ էինք կազմակերպել, ու որոշեցինք, որ այդ համերգին աշխատած գումարը որպես օգնություն գնա Ղարաբաղին: Քանի որ շատ դեպքերում նման օգնությունները տեղ չեն հասնում, ինքը որոշեց որ պետք է անձամբ բերել ու անձամբ հանձնել: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Մեր հայերը միշտ բան են ման գալիս, որ մարդուն քննադատեն:
– Քննադատողներից շատերը նշում էին, որ նվաստացուցիչ է շարքով զինվորին տոպրակներ բաժանելը: Դուք դրա մեջ արժանապատվության ոտնահարում չե՞ք տեսնում:
– Գիտե՞ք ինչ, տեղում ինչպես գտել են հարմար, այնպես էլ երեւի վարվել են: Այնտեղ ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին: Զորամասերում ինչպես հարմար է եղել, այնպես են ասել՝ ամեն մարդ գա, ստանա իր օգնությունը: Մարդկանց նվերն են տալիս ուղղակի, չգիտեմ ինչ չէ:
– Իսկ ի՞նչ կար այդ տոպրակներում:
– Տարբեր, սկսած սիգարետից… Այն, ինչ որ այսօր ավելի անհրաժեշտ է: Ես կոնկրետ դրանով չեմ զբաղվել, որովհետեւ Արմենն է տեղում ամեն ինչը գնել, բայց ամեն մարդ հիմա ինչով կարողանում է, նրանով օգնում է, պետք չէ նշել՝ ինչ է, ինչ չէ: Ինչ ասել են զինվորներին հարկավոր է, այն էլ գնել ենք:
– Եթե բարեգործություն է ավում, դա տեսախցիկների ներկայությա՞մբ պետք է արվի՝ հետո աշխարհին ցուցադրելու:
– Չէ, դա ուղղակի հեռախոսով կողքից նկարել են: Հեռուստատեսություն, տեսախցիկ, այդպիսի բաներ չեն եղել:
– Այսինքն՝ պատահական ինչ-որ մեկն է նկարել:
– Հա, հիմա կողքից նկարել են հեռախոսով, ինչ-որ մեկը գցել է, բայց այնպես չէ, որ հեռուստատեսություներից մարդ են տարել, հատուկ նկարել են, որ գովազդեն իրենց: Դրա խնդիրը չկա, այսօր ոչ մեկը այդ գովազդի կարիքը չունի:
– Մոսկովյան համերգի ամբողջ հասո՞ւյթն է այդ նպատակի համար օգտագործվել, թե որոշակի մասը:
– Չէ, ինչ-որ չափ: Այնտեղ ծասխեր կային անելու, չէինք կարող այդ համերգի ծախսերը չանել, որ տանեինք սահման:
– Համերգը վաղո՞ւց էր պլանավորված:
– Դեկտեմբեր ամսից էր պլանավորած: Այստեղ՝ Մոսկվայում, այնպես չէ, որ այսօր որոշեցիք, վաղը կարող են Ձեզ Կրեմլը տրամադրել, դուք համերգ անեք: Քանի որ սահմանում այսպես ստացվեց, կեսից համերգը փոխեցինք, դարձավ բարեգործական, այսինքն՝ երեւի վերջին մի 20 օրը ու քանի որ հայտարարել էինք, որ դա բարեգործական է, երեւի դրա համար մի քանի բան նկարել են, որ մի հատ էլ խոսակցություն չլիներ՝ ասեին՝ բարեգործական է, բայց փողերը կերան: Հիմնական խնդիը դա է եղել: Ոչ թե գովազդ անելու, այլ ցույց տալու, որ ասել ենք ու իսկականից դա եղել է բարեգործական, ոչ թե անունը դրել ենք բարեգործական, ու դրա անվան տակ փող ենք աշխատել:
– Ստացվում է, ամեն դեպքում այնպես չէ, որ առանց ձեր կամ Արմենի գիտության է նկարահանումը կատարվել:
– Չէ, դե բնական է, կողքից մոտիկ մարդիկ են երեւի նկարել, բայց դա չի արվել, որ ինչ-որ մեկը մեկին գովազդ անի, գովազդի կարիքը չկա: Ասեմ ավելին, Երեանում ավելի շատ այդպիսի մարդիկ կան, որ կռիվը վերջացավ, գնացին սահման, իրենց ցույց տան, որ մենք այստեղ ենք: Իսկ Արմենը Ամերիկայից եկել, հասել է Մոսկվա, համերգ է տվել, գումարն էլ անձամբ հասցրել է Ղարաբաղ: Չգիտեմ՝ ով ոնց է այդ ամեն ինչին նայում, բայց կարող էր եւ չանել ու ոչ մեկը չէր էլ ասի՝ ինչու չարեցիր: Դրա մեջ վատ բանը ո՞րն է, որ ինքն է եկել անձամբ: Թե՞ պետք էր ուղարկել, որ մի քանիսն էլ արանքոմ ուղարկածի կեսն ուտեին: Երեւի այդպես ավելի ճիշտ էր, չէ՞:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: