«Չեմ կարծում, որ պետք է հիմա մեր փետը վերցնենք ու ընկնենք հարգարժան ակադեմիկոսի հետևից». Էդուարդ Շարմազանով

«Ես խնդրում եմ՝ մենք մի քիչ ավելի հանդուրժող լինենք, որովհետև մենք հիմա ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի քիչ ավելի զգացմունքային ենք, եկեք մի քիչ ավելի ներողամիտ լինենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հորդորում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հայտարարությունների մասին:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՆԱՍԱ- ի  հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար, պարզապես դրա համար անհրաժեշտ են   ֆինանսական լուրջ ներդրումներ, պատասխանել էր.

«…Զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք՝ մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ, ասենք,  միանանք զենք արտադրող մի երկրի հետ և ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել: Այդ հնարավորությունները մենք ունեցել ենք, և կարծում եմ՝ այսօր էլ կա, ու այն հիմնական ներուժը, որի մասին խոսվում է մասսայական, հենց դա է, որ համախմբենք մեր ուժերն այդ ուղղությամբ, մասնակցենք այնպիսի տնտեսական կառույցների, որտեղ դա կարող ենք օգտագործել: Դրանից եկած գումարով կգնանք, զենք կառնենք, ավելի էժան կնստի մեզ վրա»:

Է. Շարմազանովի խոսքով՝ ոչ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք.

«Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջ կյանքը դրել է գիտության զարգացմանը, դա պետք է հարգենք: Եվ թող քար գցի առաջինը նա, ով մեղավոր չէ: Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ ունենք սխալներ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է հիմա մեր փետը վերցնենք ու ընկնենք հարգարժան ակադեմիկոսի հետևից: Չի կարելի, պետք է հանդուրժող լինել: Համոզված եմ, որ սա մի քիչ նյարդային, էմոցիոնալ գնահատական է եղել, Ռադիկ Մարտիրոսյանին ես էությամբ ճանաչում եմ, շատ մեծ գործ է արել թե՛ հայկական պետականության ամրապնդման համար, թե՛ առհասարակ հայոց գիտության զարգացման համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս