«Ով էլ Ադրբեջանում իշխանության գլուխ լինի, երբեք ռիսկի չի դիմի՝ ճանաչելու Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս: Դա պարզապես մահվան դատավճիռ կլինի ցանկացած իշխանության համար». Ռաﬕս Յունուս
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքով հեռարձակվող Azerbaycan Saati («Ադրբեջանի ժամ») հեռուստածրագրի հեռուստակամուրջի շրջանակում հյուրընկալվել էին Հայաստանից՝ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, և ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Ռաﬕս Յունուսը: Հաղորդավարն ադրբեջանցի Էմին Ահմեդբեկովն է՝ «Ադրբեջանի ժամի» գլխավոր խմբագրի տեղակալը: Հաղորդման շրջանակում հյուրերը քննարկել են ապրիլյան պատերազմը, անդրադարձել հարցերի, թե ինչ շահեցին կողմերն այդ պատերազմից, և թե ում էր այն անհրաժեշտ:
Ներկայացնենք հատվածներ հեռուստակամուրջից:
Ռամիս Յունուսի խոսքով՝ չնայած Հեյդար Ալիևը վաղուց ողջ չէ, այսօր իշխանության ղեկին, նախկինի պես, այն նույն անձինք են, որոնք ինչ-որ ժամանակ եղել են նրա հետ, միայն թե այդ ռեժիմում որդին փոխարինել է հորը, ինչպես դա եղել է Հյուսիսային Կորեայում կամ Սիրիայում: «Այդ պատճառով Ադրբեջանի ռեժիմի համար անիմաստ է փոխել Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն: Այնպես որ, պատերազմի մասին այդ բոլոր խոսակցությունները հիմնականում ծառայում են ներքին լսարանին, որպեսզի բնակչության ուշադրությունը հեռացնեն երկրի ներքին խնդիրներից, որը թաղվել է տոտալ կոռուպցիայի մեջ ու գտնվում է խորը տնտեսական ճգնաժամում՝ նավթի գների կտրուկ նվազումից ու դևալվացիայից հետո: Ալիևի ռեժիմին շատ կարևոր է հնարավորություն չտալ բողոքող էլեկտորատին՝ կոնսոլիդացնել ուժերն իր դեմ պայքարում, դա առաջին հերթին՝ վերաբերում է քաղբանտարկյալներին, մարդու իրավունքների մասին հարցերին, խոսքի ազատությանը, հավաքների ու ցույցերի ազատությանը, ընտրությունների կեղծմանը… Այսօրվա պայմաններում ոչ մի քաղաքական որոշում այդ հակամարտությունից սպասել պետք չէ, քանի որ այդ որոշումը պետք չէ ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ էլ, առավել ևս, Ռուսաստանին, որը խնդրի այդ չլուծված լինելն է օգտագործում երկու երկրներին իր ազդեցության ուղեծրում պահելու համար: Հաշվի առնելով Ռուսաստանի բացասական ազդեցությունը երկու երկրների վրա և տարածաշրջանի վրա՝ ընդհանուր առմամբ, մեր երկրներին հարկավոր է ձգտել քաղաքականորեն ու տնտեսականորեն թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն իրենց վրա՝ դրանով իսկ նրան դուրս հանելով տարածաշրջանից, ինչպես դա եղավ Մերձբալթիկայում, Վրաստանում և Ուկրաինայում»,- կարծում է ադրբեջանցի քաղաքագետը:
Վերջինս կարծում է, որ հարկավոր է, որ ողջ Անդրկովկասը հայտարարի Եվրամիությանը քաղաքական և տնտեսական ինտեգրման մասին:
«Իհարկե, ինձ կարող են ասել նման արտաքին քաղաքականության ռիսկերի մասին, հատկապես՝ Կրեմլի ներկայիս տերերի պարագայում, ինչը գոյություն ունի իրականում: Ես պարզապես ցանկանում եմ մեր երկրների բնակչության գիտակցությանը հասցնել այն, որ վաղուց եկել է ժամանակը, որ մարդիկ դադարեն ապրել պատրանքներով, ինչպես դա եղել է Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի այդ ողջ տարիներին, և հստակ հասկանալ, որ եվրաինտեգրմանն այլընտրանք չկա»,- կարծում է Ռամիս Յունուսը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում և Ադրբեջանում կգտնվեն պետական գործիչներ, որոնք կմտածեն հայերի և ադրբեջանցիների հաջորդ սերունդների մասին, որոնք կհասկանան, որ միայն Եվրամիության շրջանակում, որտեղ չկան սահմաններ, որտեղ աշխատում է մեկ միասնական քաղաքական և տնտեսական համակարգ, ներառյալ՝ մեկ արժույթ, մեր երկրները կիսելու բան չեն ունենա:
«Այո, այդ գործընթացը մեկ օրվա բան չէ և անցավ, սակայն դա փակուղուց միակ ելքն է, որտեղ հայտնվել են Ադրբեջանն ու Հայաստանը»,- համոզված է նա:
Ի պատասխան հաղորդավարի հարցին, թե ինչ տրամադրություններ են Ադրբեջանի հասարակության շրջանում՝ կապված նոր պատերազմի առաջացման հավանականության հետ, որքանով են այդ հարցում միասնական իշխանությունն ու ժողովուրդը, Յունուսը նկատում է, թե ապրիլյան «քառօրյա պատերազմն» ի հայտ բերեց բազմաթիվ խնդիրներ, որ առկա են Հայաստանում և Ադրբեջանում:
«Ռազմատենչ տրամադրությունները Ադրբեջանի հասարակությունում միանգամայն հասկանալի են ու բացատրելի: Ես ցանկանում եմ, որ բոլորն աշխարհում, ներառյալ՝ Հայաստանի բնակչությունը, հստակ հասկանա, որ ով էլ որ Ադրբեջանում իշխանության գլուխ լինի՝ երեկ, այսօր կամ վաղը, երբեք ռիսկի չի դիմի՝ ճանաչելու Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս: Դա՝ որպես ապրիորի, որպես դոգմա: Դա պարզապես մահվան դատավճիռ կլինի ցանկացած իշխանության համար, ու մեր հասարակության ռազմատենչ տրամադրությունները դրա վառ ապացույցն են: Այլ հարց է, թե ինչպես Ալիևի ռեժիմը կձգտի օգտագործել իր նպատակների համար այդ հայրենասիրության կինետիկ էներգիան»,- համոզված է ադրբեջանցի քաղաքագետը՝ նշելով, որ ներկայում սկսվել է «վհուկների որս»՝ ի դեմս ընդդիմության:
«Ադրբեջանի հասարակությունն ու իշխանությունը գոյություն ունեն ավտոնոմ՝ միմյանցից, ինչպես դա սովորաբար գոյություն ունի ավտորիտար երկրներում, և այդ ժանրի օրենքներով՝ գտնվում են ապատիայի վիճակում: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա տոտալ բռնաճնշումներից հետո այն այսօր ամբողջությամբ ճնշվել է»,- ասում է նա: