«Ես բացարձակապես որևէ ռիսկ չեմ տեսնում». Արտեմ Ասատրյանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ որպեսզի կարողանան գործող համակարգի ներքո այդ փոփոխությունները կատարել՝ մեծ ծավալի աշխատանք է անհրաժեշտ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբվանի՞ց կկարողանան համակարգի մասնակիցները հետևել իրենց հաշիվներին: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հիմա էլ կարող են հետևել, բավականին մեծ թվով մասնակիցներ արդեն իսկ հետևում են.

«Մենք ունենք կենսաթոշակային միասնական պորտալը, որտեղ ներկայացված է, թե մեր քաղաքացիներն ինչպես կարող են իրենց հաշիվներին հետևել: Նախատեսված են առաջիկայում մի շարք հոլովակներ, որոնք մատչելի ձևով քաղաքացիներին ամբողջությամբ կներկայացնեն, թե ինչ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պետք է հետևել հաշվում արտացոլված ամբողջ տեղեկատվությանը»:

Ա. Ասատրյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ այս օրենքի նախագիծը ռիսկային է. «Ես բացարձակապես որևէ ռիսկ չեմ տեսնում, որովհետև մենք այս պահին խոսում ենք օրենսդրական, իրավական փոփոխությունների և դրանց համապատասխան տեղեկատվական փոփոխություններ կատարելու մասին»:

Այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ սա առանց ցնցումների լինի, և մասնավոր հատվածը միանգամից գնա դրան ու չընդվզի՝ հաշվի առնելով, թե հանրությունն այդ «պարտադիրին» ինչպես է վերաբերվում. Ա. Ասատրյանը պատասխանեց, որ համակարգի ներդրումը նախատեսվեց 2014 թվականի հուլիսի 1-ից հետո՝ փուլային, անցումային ձևով՝ ներդնելով հանրային ծառայողների համար՝ պարտադիր, և ոչ պետական հատվածի համար՝ երեք տարի ժամկետ սահմանելով, որպեսզի իրենք կարողանան համակարգի գործողությունը, դրա արդյունավետությունը ներկայացնել ու ներկայանալի դարձնել քաղաքացիներին:

«Այս ընթացքում բավականին մեծ թվով աշխատանք է արվել, ու, վստահաբար, ավելի մեծ թվով քաղաքացիներ տեղյակ են նոր համակարգին, նոր իրողություններին և դրա ներքո աշխատանքներին: Մյուս կողմից՝ այդ աշխատանքները չեմ համարում բավարար, դրանք շարունակական բնույթ են կրելու, և հիմա էլ նախատեսված է ավելի հանրամատչելի ձևով տեղեկատվություն մատուցել քաղաքացիներին»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս