ՀՀԿ-ական պատգամավորնե՞րն են տարածել Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման մանրամասները

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կիսում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մտահոգությունը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպման մանրամասների մասին բարձրաձայնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո ԱԺ որոշ պատգամավորներ մամուլին էին փոխանցել հանդիպման մանրամասները:

«Հենց սա է մեր իրականությունը: Այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր Ս. Օհանյանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողները Վ. Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այդ պատգամավորների մեջ կա՞ն նաև ՀՀԿ-ականներ: Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ չի ուզում տարանջատում դնել, որովհետև հանդիպմանը ներկա են եղել և՛ ՀՀԿ պատգամավորներ, և՛ տարբեր խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովի նախագահներ. «Շատ ցավում եմ, որ ոչ միայն այնտեղի տեղեկությունն է դուրս հանվել, այլև պարզ ձայնագրություն են տվել, որը անթույլատրելի է»:

Վ. Բաղդասարյանն այդ երևույթը բավական վատ է գնահատում, հատկապես, որ հարցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին:

168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում տվյալ պատգամավորները նման քայլ անելով՝ Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

«Ընդամենը մամուլի հետ իրենց հարաբերությունները բարձր պահելու և նրանց դուր գալու համար են արել, երևի, չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, որ հատուկ նպատակով այս ինֆորմացիան դուրս են հանել, որ հասնի մեր թշնամիներին, և այլն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս