«Արցախի անկախությունը ճանաչելով՝ Հայաստանը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է «կազուս բելի»՝ պատերազմ սկսելու արդարացում». Լևոն Զուրաբյան
Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ ՀԱԿ խմբակցությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, եկել էր «Հաղթանակ» զբոսայգի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսելով Արցախի անկախության ճանաչման գործընթացի մասին՝ նշեց, որ ինքը կիսում է նախագահ Տեր-Պետրոսյանի կարծիքը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը դեմ է այս պահին Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահներն ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով պետք է այդ իրավունքն իրացվի. «Հիմա, եթե դրա փոխարեն՝ Հայաստանը միակողմանիորեն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, դա կունենա մի շարք հետևանքներ»:
Խոսելով Արցախի անկախության ճանաչման հետևանքների մասին՝ նա նշեց, որ Հայաստանը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է «կազուս բելի», այսինքն՝ պատերազմ սկսելու արդարացում. «Ստացվում է՝ մենք մեր ձեռքով հիմնավորում ենք, որ Ադրբեջանն այդ հարցը պետք է լուծի ռազմական ճանապարհով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: