«Ի՞նչ ունի թաքցնելու Ռոբերտ Քոչարյանը, ինչի՞ց է վախենում…»
«Չեմ կարծում, որ, եթե Ռոբերտ Քոչարյանն այդ կուսակցության ստվերում կանգնած է, երկար ժամանակ կարողանա ստվերում լինել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության մեջ Ռոբերտ Քոչարյանի հավանական ներգրավվածության և նրա կողմից իրականացվող ստվերային կառավարման մասին՝ ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Հ. Իգիթյանի խոսքով՝ առջևում ընտրական գործընթացներ են սպասվում, ու, եթե Ռ. Քոչարյանը կանգնած է այդ կուսակցության թիկունքում, պետք է գա ու մասնակցի. «Միգուցե և Ռոբերտ Քոչարյանը ստվերում կանգնած է, բայց այդ դեպքում հարցն այլ կերպ պետք է դնենք՝ ինչո՞ւ է ինքը խուսափում՝ կուսակցության ստեղծման հարցում լինել առաջին շարքում, ի՞նչ ունի թաքցնելու, ինչի՞ց է վախենում, արդյոք դա խանգարո՞ւմ է Ռուսաստանում կամ աշխարհի այլ երկրներում գործունեության համար: Այդ հարցն ավելի հետաքրքիր է: Հայաստանը փոքր երկիր է, և ամեն ինչ կերևա: Հիմա բանավիճել Ռոբերտ Քոչարյանի դերատարության մասին, շատ տեսականորեն է»:
Այն, որ Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցության օրակարգում է դնելու «Մարտի 1»-ի բացահայտման հարցը, Հ. Իգիթյանը կարևոր չի համարում, քանի որ, ըստ նրա՝ բոլորն էլ ուզում են, որ «Մարտի 1»-ը բացահայտվի:
««Մարտի 1»-ը ոնց որ թե արդեն պարզ է, այսինքն՝ խոսքը չի գնում այն քրեական գործերի մասին, որոնց շրջանակներում պետք է պատժել այդ սպանողներին: «Մարտի 1»-ի օպերացիան պլանավորող, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում նստած բազմաթիվ կազմակերպիչներն արդեն արտահայտվել են դրա մասին, ես չգիտեմ՝ Վարդան Օսկանյանը եղե՞լ է այն ժամանակ այնտեղ, բայց ինքն արդարացնում էր այն ժամանակվա այդ ամեն ինչը»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա համար անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում բացահայտել: Ըստ Հ. Իգիթյանի՝ պետք է բացահայտվի այն, որ «ընտրություները կեղծվել են, և ՀՀ նախագահի օֆիսում նստած էին պաշտոնյաները, որոնք որոշում էին՝ ինչպես օգտագործեն պետական միջոցները, բանակը՝ խաղաղ բնակչության դեմ»:
Հ. Իգիթյանի համար այլ «կարևոր» հարցեր կան. «Թե այդ կուսակցությունն ինչպե՞ս է տեսնում Հայաստանի դերը միջազգային գործընթացներում, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հետ, արդյոք Հայաստանը պե՞տք է ԵՏՄ-ից դուրս գա ու վերադառնա Ասոցացման պայմանագրին… Այս հարցերն ավելի կարևոր են, քան՝ «Մարտի 1»-ը դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ. այդ հարցերի պատասխանը դեռ ես չեմ տեսնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: