Բաժիններ՝

««Պլյուս-մինուս» ներկայացումից հետո հացն էժանանալու է, և ամեն ինչ լավ է լինելու մեր երկրում». ասուլիսի գլխավոր ուղերձը

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Պլյուս-մինուս» շոու-ներկայացման պրեմիերան: Պրեմիերային նախորդած ասուլիսի ընթացքում ներկայացման պրոդյուսերներն ու դերասանական կազմը պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ ներկայացման մտահղացումն ի հայտ է եկել դեռևս երկու տարի առաջ:
«Մենք՝ պրոդյուսերներով՝ Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբախանյանն ու ես, վաղուց ցանկություն ունեինք հանրության դատին ներկայացնելու հումորային ներկայացում: Եվ մի հանդիպման ընթացքում ի մի բերելով մեր չորսիս ցանկությունը, որոշեցինք իրականություն դարձնել այն: Տղաները երկար ժամանակ չեն եղել բեմում, և արդեն պահը հասունացել էր նոր ներկայացման համար»,- նշեց Արման Միտոյանը:

Հովհաննես Ազոյանն իր հերթին՝ նշեց, որ, թեև ներկայացման անվանումը «Պլյուս-մինուս» է, այնուամենայնիվ ներկայացման ասելիքը պետք չէ կենտրոնացնել միայն վերնագրի շուրջ. «Լինելու է քաղաքական սատիրա, կենցաղային հումոր: Մի խոսքով, փորձելու ենք հումորային դրվագներով ներկայացնել մեր իրականությունը՝ իր պլյուսներով և մինուսներով հանդերձ»,- նշեց Հովոն:

Մեր հարցին՝ արդյոք քաղաքական վերջին իրադարձությունները և՞ս ներկայացվելու են բեմադրության մեջ, Մկրտիչ Արզումանյանը պատասխանեց.
«Լինելու է ոչ միայն քաղաքական հումոր: Ամեն դեպքում անդրադառնալու ենք շատերիս հուզող արդիական տարաբնույթ թեմաների: Շոշափելու ենք և՛ սոցիալական, և՛ քաղաքական թեմաներ: Այս անգամ ունենք նաև կրկնօրինակումներ, որոնք, կարծում եմ, կսիրվեն հանդիսատեսի կողմից»:

Կարդացեք նաև

Իր հերթին՝ պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց. «Քանի որ արդեն երկու տարի է, ինչ կար այս ներկայացման նախաձեռնությունը, ասեմ, որ շատ բան է փոխվել քաղաքական հումորի մասով: Երկու տարի առաջ քաղաքական բոլորովին այլ իրավիճակների վրա էինք ծիծաղում, այսօր՝ այլ: Մենք փորձել ենք ներկայացման մեջ առկա հումորը մաքսիմալ արդիական դարձնել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծելու այս ներկայացումը Հովհաննես Ազոյանն ու Մկրտիչ Արզումանյանը պատասխանեցին իրենց ոճի մեջ.
«Այս ներկայացումից հետո լուծվելու են մեր բոլորիս խնդիրները՝ հացն էժանանալու է, ամեն ինչ լավ է լինելու մեր երկրում»:

Իր հերթին՝ Մկոն ավելացրեց, որ իրականում «Պլյուս-մինուս» ներկայացման գերխնդիրը հանդիսատեսին այսօրվա հոգսերից փոքր-ինչ շեղվելու հնարավորություն տալն է. «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ հանդիսատեսը գա և երկու ժամ ուղղակի անջատվի առօրյա հոգսերից»,- նշեց Մկոն:

Հարցին, թե ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված այս ներկայացումը, Հովոն կատակով պատասխանեց. «Հիմնականում՝ 8-13 տարեկանների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս